Քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը շարունակում է շրջայցերը Շիրակի մարզի դպրոցներ


Քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, շարունակում է շրջայցերը մարզի դպրոցներ, որոնք պետական միջոցներով են կառուցվում, նորոգվում և հիմնանորոգվում։



Մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ պատասխանատուները նախօրեին դիտարկել են «Գյումրու Օյունջյան միջնակարգ դպրոց-վարժարանում» իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքը։ Շինաշխատանքների համար պետությունը հատկացրել է 200 մլն 500 հազար դրամ գումար։



Աշխատանքային խումբը հետևել է նաև Ախուրյանի թիվ 2 և Կառնուտի դպրոցներում իրականացվող նորոգման աշխատանքներին։



«Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի» վերանորոգման ծրագրի արժեքը կազմել է 71 մլն 139 հազար դրամ։ 154 մլն դրամ գումար էլ պետությունը նախատեսել է «Կառնուտի միջնակարգ դպրոցի» վերանորոգման նպատակին։



Բոլոր դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։



Արտուշ Հովհաննիսյանը պատասխանատուներին հորդորել է լինել առավել ուշադիր, իսկ շինարարներին՝ բացառել թերացումներն ու ձգձգումները՝ փոխանցելով մարզպետի հանձնարարականը՝ անել հնարավորը պետական միջոցները նպատակային ծախսելու և ժամկետների մեջ տեղավորվելու համար։

Leave a Comment