Օգոստոսի 1-ից, նոր առևտրային համաձայնագրեր կնքելու վերջնաժամկետից ժամեր առաջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով 69 երկրի, ինչպես նաև ԵՄ-ի համար սահմանվում են ներմուծման մաքսատուրքեր՝ 10%-ից մինչև 41%։
Մաքսատուրքերը, որ պաշտոնապես անվանվել են «վերանայված պատասխան», ուժի մեջ կմտնեն 7 օրից, բացառությամբ Կանադայի՝ որի նկատմամբ դրանք ուժի մեջ են մտնում անմիջապես՝ 25%-ից բարձրանալով մինչև 35%։
Թեև որոշ երկրներ գոհ են սակագների վերջնական տարբերակից, մյուսները նախազգուշացնում են իրենց տնտեսություններին սպառնացող վտանգի մասին։
Ամենաբարձր մաքսատուրքերն առնչվում են Սիրիային (41%), Լաոսին և Բիրմային (40%), մինչդեռ ամենացածրը՝ Մեծ Բրիտանիային ու Ֆոլկլենդյան կղզիներին՝ 10%։
Հնդկաստանը ստացել է խոստացված 25% սակագին, իսկ Եվրոպայում ամենաբարձր սակագները վերաբերել են Շվեյցարիային (39%) և Սերբիային (35%)։
Հրամանագիրը չի տարածվում USMCA համաձայնագրով նախատեսված հյուսիսամերիկյան ապրանքների վրա։ Թրամփը նաև փորձ է անում կանխել բարձր սակագներից խուսափելու սխեմաները՝ երրորդ երկրների միջոցով մուտք գործող ապրանքների համար սահմանելով 40% մաքսատուրք՝ իրական ծագման բացահայտման դեպքում։
Չինաստանը ցանկում ներառված չէ՝ քանի որ ԱՄՆ-ն առանձին բանակցություններ է վարում նրա հետ։