
Հնդկաստանը ԱՄՆ-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ չի պատրաստվում գնել F-35 «անտեսանելի» կործանիչները, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նման առաջարկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Վաշինգտոն այցին ժամանակ արել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Հնդկաստանը այս փուլում չի նախատեսում ամերիկյան նոր զինատեսակներ գնել, սակայն պատրաստ է այլ քայլերի՝ առևտրային լարվածությունը մեղմացնելու համար։ Այդ քայլերի թվում են՝ ԱՄՆ-ից հեղուկ գազի, հեռահաղորդակցային սարքավորումների և ոսկու ներմուծման ծավալների ավելացումը։
F-35 կործանիչների գնումից հրաժարվելու որոշումն ընդունվել է Թրամփի հայտարարությունների ֆոնին։ Նա հնդկական ապրանքների նկատմամբ սահմանել է 25% մաքսատուրք։ Սոցիալական ցանցերում Թրամփը հնդկական տնտեսությունն անվանել է «մահացած» և մեղադրել երկրի իշխանություններին՝ ամերիկյան ապրանքների նկատմամբ «ծանրաբեռնող և վրդովեցուցիչ» առևտրային արգելքներ կիրառելու մեջ։
Bloomberg-ը գրում է, որ Հնդկաստանում Թրամփի հայտարարությունները «հիասթափություն» են առաջացրել, սակայն Դելին դեռ ձեռնպահ է մնում պատասխան գործողություններից՝ հուսալով շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ։