
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․https://t.me/vardan_voskanyan/1339
«Ռուսաստանը շարունակում է նաև քարոզչական տիրույթում շատ ցավոտ հարվածներ հասցնել Բաքվի բարբարոսական վարչախմբին։
Ռուսական տարբեր ԶԼՄ-ներ անդրադառնում են Ադրբեջանի արհեստածին լինելու հանգամանքին, տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ վարվող ձուլման քաղաքականությանը, ադրբեջանական կոչվող ինքնության խոցելի կետերին և այլն։
Բայց այս ամենից զատ, բավական ակտիվորեն շրջանառվող Արցախի հայկականության մասին ռուսաստանյան խոսույթն ամենավտանգավորն ու ցավոտն է դիտարկվում Բաքվի բռնապետի կողմից, քանի որ նա էլ է լավ հասկանում, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված։
Խտապատկերում՝ Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության այսօրվա նյութն է’ ոչ թե ինչ-որ անհայտ «Խանքենդիի», այլ Ստեփանակերտի մասին»։
Հիշեցնենք, որ երեկ ՏԱՍՍ-ին Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը ցավալի է և խորապես անընդունելի։
Ադրբեջանի ԱԳՆ-ը իր հերթին հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ ծովանկարչի կիսանդրու տեղադրումը ռուս խաղաղապահների կողմից «անօրինական էր»՝ առանց Բաքվի համաձայնության։ Պաշտոնական Բաքուն նաև ՏԱՍՍ պետական գործակալությունից պահանջել է ներողություն խնդրել Ստեփանակերտի հայկական տեղանունը կիրառելու համար՝ սպառնալով, թե հակառակ դեպքում միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանում ՏԱՍՍ-ի գործունեության դեմ՝ համաձայն օրենքի: Ինչից հետո ՏԱՍՍ գործակալությունը հրապարակման մեջ փոխել է Ստեփանակերտի հայկական անվանումը: