«Իրավունք»-ը զրուցել է «Լույս» տեղեկատվական–վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցին, դրա հնարավոր հետեւանքներին։ Զրույցի ընթացքում պարզել ենք նաեւ նրա տեսակետը՝ Սյունիքի «միջանցքի» շուրջ առկա զարգացումների եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների վերաբերյալ:
— Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Ռուսաստան ի՞նչ քաղաքական, դիվանագիտական կամ տնտեսական օրակարգ կարող է ունենալ։ Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ դա կարող է արդյունավետ լինել Հայաստանի շահերի տեսանկյունից։
— Մեծ հաշվով որեւէ կտրուկ շրջադարձ չի նկատվում, եւ լուրջ ակնկալիքներ ունենալը ճիշտ չի լինի։ Ռուսաստանի ցանկությունը պարզ է՝ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների դաշտ՝ Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան ձեւաչափով։ Եվ այս առումով որեւէ փոփոխություն չկա. այդ գործընթացը շարունակում է մնալ սառեցված։
Իմ գնահատմամբ՝ քանի դեռ եռակողմ ձեւաչափին չեն վերադարձել, Փաշինյանը, հավանաբար, կփորձի առանձին տնտեսական բլոկում որոշ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Միգուցե, խոսքը լինի ինչ–որ ապրանքատեսակների արտահանման կամ առեւտրային հարաբերությունների մասին։ Բայց լուրջ տեղաշարժերի սպասել, կարծում եմ, պետք չէ, հատկապես վերջին լուրերի ֆոնին՝ կապված Սյունիքով միջանցքի ամերիկյան վերահսկողության տակ հանձնվելու մասին տեղեկությունների հետ։
Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա տեղի է ունենում ոչ թե առաջընթաց, այլ հակառակը՝ գործընթացներ, որոնք կարող են գնալ Ռուսաստանի շահերի հակառակ ուղղությամբ։ Այդ դեպքում Ռուսաստանն էլ, բնականաբար, այնքանով կհամագործակցի, որքանով դա ձեռնտու կլինի իրեն։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է այդ տնտեսական համագործակցությունը, ապա պետք է հաշվի առնի նաեւ այս գործոնները։
— Սյունիքի «միջանցքի» թեման շարունակում է մնալ սուր՝ թե՛ քաղաքական, թե՛ ազգային անվտանգության օրակարգում։ Ի՞նչ կասեք այս մասին:
— Այդ միջանցքը լինելու է Միջին միջանցքի մաս՝ Չինաստանից մինչեւ Եվրոպա ձգվող այս ռազմավարական ճանապարհին։ Եթե քարտեզին նայենք, կտեսնենք, որ այդ ուղու երկայնքով չկա որեւէ դաշնակից երկիր Հայաստանի համար։ Դա նշանակում է, որ եթե ճանապարհը բացվի ֆորմալ առումով, եւ մեր զինվորականները կանգնեն այդ ճանապարհին, միեւնույնն է, այն գործելու է փաստացի՝ որպես Զանգեզուրի միջանցք։
Պատճառն այն է, որ միջանցքի շահառու պետությունների տասնյակների շարքում չկա գոնե մեկը, որը Հայաստանը կհամարի իր մերձավոր գործընկեր։ Ավելին, հասարակական ճնշումներ են լինելու Հայաստանի վրա, ինչպես նաեւ արտաքին ճնշումներ՝ այդ միջանցքի շահագործման ձեւի շուրջ։ Այսինքն՝ մենք զրկված ենք լինելու հնարավորություն ունենալու՝ մեզ օգտակար որոշումներ պոկել այդ ճանապարհի կարգավիճակի կամ գործառության վերաբերյալ։
Վաղը կամ մյուս օրը կարող են նույնիսկ պարտադրել փոփոխել օրենսդրությունը՝ միջանցքի գործունեությանը համապատասխանեցնելու համար։ Տեսեք՝ Չինաստանից մինչեւ Եվրոպա քանի պետություն է անցնում, եւ այդ բոլորն այս կամ այն կերպ շահառու են։ Բոլորն էլ հարցեր են բարձրացնելու, ցանկանալու են կարգավորել, թե ինչպես պետք է աշխատի այդ միջանցքը։
Հայաստանը չի կարողանալու ասել՝ «ոչ»։ Որպեսզի կարողանա, անհրաժեշտ է, որ այդ միջանցքը գործի Հայաստանի դաշնակից պետության՝ Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Միայն այդպես հնարավոր կլինի դիմակայել արտաքին ճնշումներին։
Այլ կերպ ասած՝ եթե այդ միջանցքը լինի Ռուսաստանի վերահսկողության ներքո, գոնե կկարողանանք շարունակել խոսել Ռուսաստանի հետ։ Իսկ Ռուսաստանն էլ, բնականաբար, որոշումներ կկայացնի՝ ըստ իր պատկերացումների։
Բայց եթե մենք չենք կարողանում ասել՝ «ոչ», ապա դա՝ անկախ այն բանից, թե ինչ անուն կտրվի այդ միջանցքին կամ ինչ կարգավիճակ, փաստացի լինելու է Զանգեզուրի միջանցք։ Թեկուզ այն ձեւակերպվի որպես արտատարածքային, նույնիսկ եթե ֆորմալ առումով հայտարարվի, որ գտնվում է մեր իրավասության ներքո՝ այն, միեւնույնն է, գործելու է մեզ համար ոչ վերահսկելի եւ մեզ վտանգող կերպով։
— Հարաբերությունները եկեղեցու եւ պետության միջեւ, ինչպես գիտենք, բավականին լարված փուլում են։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը այս ամենի շուրջ։
— Այսօրվա աշխարհակարգում Միացյալ Նահանգները կառուցում է այն, ինչը կարելի է կոչել «մեծ ամերիկյան կայսրություն»։ Այդ կայսրության շրջանակներում նրանք ձգտում են ձեւավորել մի համաշխարհային համակարգ, որտեղ, ըստ էության, անկախ եւ ինքնիշխան հոգեւոր ինստիտուտների գոյությունը պետք է նվազագույնի հասցվի կամ վերացվի։
Հայ Առաքելական եկեղեցին՝ իր պատմական, հոգեւոր եւ մշակութային ժառանգությամբ, քրիստոնեական աշխարհի ամենահեղինակավոր եկեղեցիներից մեկն է։ Եվ հենց դա է պատճառը, որ այսօր նրա դեմ ուղղված գործողությունները, իմ կարծիքով, պատվիրված են հենց նույն գլոբալ կենտրոններից, որոնք փորձում են վերաձեւել աշխարհակարգն՝ առանց ուժեղ հոգեւոր ինստիտուտների մասնակցության։
Եթե այս գործընթացները հաջողություն ունենան, ապա վաղը, երբ ձեւավորվի բազմաբեւեռ աշխարհ, Հայ Առաքելական եկեղեցին՝ համագործակցելով, օրինակ, ռուս ուղղափառ եկեղեցու հետ, կարող է դառնալ մի ազդեցիկ դերակատար համաշխարհային հոգեւոր կյանքում։ Հենց այդ հեռանկարն են փորձում կանխել՝ թուլացնելով նրա դիրքերն այսօր։
Իրականում այստեղ տեսնում ենք նաեւ, միեւնույն ժամանակ, Ռուսաստանի դիրքերի թուլացման քաղաքականություն, այդ թվում՝ նրա հոգեւոր հենասյուներից մեկի՝Ռուս ուղղափառ եկեղեցու դեմ։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցին, լինելով պատմական առումով ուղղափառ ավանդույթի մաս, այդ կապով եւս ընկալվում է որպես դաշնակից եւ որպես վտանգ այդ գլոբալ կենտրոնների համար։
Ուստի՝ այն, ինչ կատարվում է հիմա, նպատակ ունի ոչ միայն Հայ եկեղեցուն սահմանափակել, այլեւ նրան զրկել ապագայում ինքնուրույն դիրք եւ ազդեցություն ունենալու հնարավորությունից։ Նրան ուզում են փոխարինել կամ ենթարկել, օրինակ՝ Վատիկանի նման կառույցի, որը շատ դեպքերում գործում է այդ նույն գլոբալ քաղաքականության տրամաբանությամբ։ Այս ամենը պատահական չէ։ Դա համընկնում է նաեւ ամերիկյան քաղաքական ռազմավարության որոշ կարգախոսների, ինչպես օրինակ՝ Թրամփի նշանաբանի հետ:
Վերջիվերջո, ուզում են, Ռուս ուղղափառ եկեղեցին մենակ մնա՝ առանց ազդեցիկ դաշնակիցների, իսկ հայկական եկեղեցին՝ որպես նրա բնական դաշնակից, ցանկալի չէ այս խաղում։ Այսինքն՝ նպատակը պարզ է՝ բոլորին ենթարկել, բոլորին դարձնել վերահսկելի։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ