Հայտնի է դարձել, որ «Զրինսկու» անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկու Նարդին Մուլահուսեյնովիչը ընտրել է իր նոր ակումբը։ Ինչպես տեղեկացնում է Meridiansport.ba-ն, հարձակվողը մոտ ժամանակներս եռամյա պայմանագիր կստորագրի Հայաստանի չեմպիոն «Նոայի» հետ։
Նախկինում ֆուտբոլիստը համաձայնեցրել էր պայմանները իրանական «Սեպահանի» հետ և նույնիսկ միացել էր թիմին, սակայն տրանսֆերը տապալվել է, քանի որ իրանական կողմը չի կատարել վճարման պայմանները։
Ըստ Meridiansport.ba-ի՝ Մուլահուսեյնովիչը և նրա գործակալ Ադմիր Հուսարիչը ժամանել են Բուդապեշտ՝ վերջնական բանակցություններ վարելու «Նոայի» ղեկավարության հետ։ Ֆուտբոլիստն արդեն բժշկական զննում է անցել, որից հետո սպասվում է պայմանագրի ստորագրում։ Եռամյա պայմանագրի ընթացքում նա կվաստակի մոտ 1.8 միլիոն բոսնիական մարկա (մոտ 900,000 եվրո)։ Բանակցություններն ընթանում են Բուդապեշտում, որտեղ «Նոան» մրցել է Հունգարիայի «Ֆերենցվարոշի» հետ։ Հուսարիչն ու Մուլահուսեյնովիչը ներկա են եղել խաղին։
Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, «Զրինսկին», որի հետ Մուլահուսեյնովիչի պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի ամառ, կստանա մոտ 700,000 բոսնիական մարկա (350,000 եվրո) և հետագա վաճառքից որոշակի տոկոսներ։
Մուլահուսեյնովիչի կարիերան ներառում է ելույթներ «Զրինսկու», «Կոպերի», «Դինամո Մախաչկալայի», «Սարաևոյի», «Մուրայի», «Մարիբորի», ԳՈՇԿ-ի և Գրաչանիցեի «Բրատստվոյի» կազմում։