Հրաչյա Աճառյան. մարդ-հանրագիտարանը. «Գրեթե 100 տարի» — Հայաստանի Հանրային Ռադիո

1979թ. գարնանը Հայաստանի ռադիոյի տաղավարում հյուրընկալվում է հայտնի լեզվաբան  Էդուարդ Աղայանը: Նա պատմում է 1876 թվականին Կոստանդուպոլսում՝ կոշկակարի ընտանիքում ծնված մեծանուն լեզվաբան, հրաշալի գիտնական և բացառիկ հայ Հրաչյա Աճառյանի անցած ուղու և լեզվաբանության մեջ ունեցած մեծագույն ավանդի մասին: Աճառյանի մահվան 25-րդ տարելիցն էր:

Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով՝ Հր. Աճառյանը մեկնում է Փարիզ, աշակերտում Անտուան Մեյեին։ Ապա՝ Ստրասբուրգում մասնակցում է հայագետ Հյուբշմանի դասախոսություններին։

Փարիզում եղած շրջանին Հրաչյա Աճառյանը ինչ աշխատանք ասես, որ չի արել՝  հոգալու համար իր ամենօրյա նվազագույն ապրուստը։ Եղել է և՛ լրագրավաճառ, և՛ բոված գետնանուշ վաճառող, շարժակառքեր լվացող, մի օր էլ, բարեգործություն անելու համար, զոհաբերել է իր անկողինը, իսկ ինքը քնել է քարե հատակին՝ գրքերն էլ օգտագործել բարձի փոխարեն։

Ֆրանսիայում ստացած կրթությունից հետո Աճառյանը գալիս է Արևելյան Հայաստան և ուսուցչություն անում Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում: Շուտով, հրավիրվում է Երևանի պետական համալսարան՝ դասախոսելու զանազան առարկաներ՝ շարունակելով գիտական հսկայածավալ աշխատանքը: Դժվար է պատկերացնել, որ մեկ մարդ կարող էր այսչափ մեծ ներդրում ունենալ լեզվաբանության մեջ:

Հրաչյա Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մեծարժեք ուսումնասիրությունը արված է 562 այլ լեզուների հետ համեմատությամբ: Նա ներկայացրել է հայերեն քերականության կառուցվածքի պատմական ողջ ընթացքը: Այն կազմել է մի ամբողջ 10 հատոր և, հիրավի,   լեզվաբանական հանրագիտարանի բնույթ ունի: Իսկ հայերենի բարբառները նրա թուլությունն էին, և նա ուսումնասիրել է բազում բարբառներ: Լույս են ընծայվել Մարաղայի, Ագուլիսի, Նոր Ջուղայի, Արցախի, Համշենի, Նոր Նախիջևանի, Պոլսի, Վանի, Արտյալի բարբառներին նվիրված աշխատությունները:

1940 թ. սեպտեմբերից Աճառյանի հիմնադրած Արևելյան բանասիրության ամբիոնը և նույն թվականին բացված Արևելյան լեզուների և գրականության բաժինը, այն հիմնաքարը եղան, որի  վրա 1968 թ. կազմավորվեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը։ 

1937-ին սովետական բռնատիրական վարչակարգը այս հզոր գիտնականին ամբաստանեց լրտես լինելու համար: Վարչակարգին կասկածելի թվաց Աճառյանի՝ բազմաթիվ օտար լեզուներ իմանալու փաստը: Նրա հարցաքննություններն ընթանում էին անմարդկային կտտանքներով: Աճառյանը խոստովանել է, որ կարող էր ամեն մեղադրանք արհամարհել, բայց ոչ Թուրքիայի լրտես լինելու ամբաստանությունը: Աքսորավայրից վերադառնալով՝ նա շարունակեց իր բացառիկ գիտական ընթացքը: Հրաչյա Աճառյանը մահացավ 1953թ. Ապրիլի 16-ին՝ 77 տարեկան հասակում:

Leave a Comment