Այսպիսով, Մերձավոր Արեւելքն ակնհայտորեն մեծ վերաբաժանումների շեմին է (Տես նաեւ https://iravunk.com/?p=319264&l=am): Թե ում ինչ կարող է հասնել, դրանից, իհարկե, մեծապես կախված է նաեւ մեր երկրի ապագան:
Ուժերի ի՞նչ վերաբաշխումներ կան այս պահին: Եվրոպայի եւ առաջին հերթին՝ Բրիտանիայի համար ներկա վերաբաշխումները, իհարկե, միանգամայն անցանկալի են: Անգամ ներկա՝ բրիտանական հին սցենարներով բաշխվածության դեպքում է Եվրոպան սկսել շատ լուրջ դիրքային կորուստներ կրել: Բայց եթե փոխվի կառուցվածքը, այդ թվում՝ ի հայտ գա ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից վերահսկվող Քուրդիստան, ապա Բրիտանիան կորցնում է իր երբեմնի բոլոր դիրքերը: Այն, որ Ֆրանսիան սկսեց խոսել Պաղեստինի ճանաչման մասին, եւ Բրիտանիան կարող է իր հերթին գնալ այդ ուղղությամբ, հենց այդ վտանգի գնահատման արդյունքն է: Ու հաշվի առնելով Թուրքիայի առաջարկը՝ սերտ գործակցություն ծավալել Եվրոպայի հետ, իր հերթին է վատագույն կանխատեսումների մասին խոսում: Բայց ահա նախօրեին Եվրոպան, ավելի կոնկրետ՝ եվրալիդեր տիկին Ուրսուլան մաքսատուրքերի թեմայով համաձայնության եկավ Թրամփի հետ: Դետալները չկրկնելով, շեշտենք միայն, որ եվրոպական տարբեր փորձագետների գնահատմամբ, դրանով ԵՄ-ն պարզապես ծնկի եկավ Թրամփի առաջ: Իհարկե, սա կարող է էականորեն սրել ներեվրոպական առանց այդ էլ թեժ մթնոլորտը: Բայց մեկ բան հաստատ է՝ նման իրավիճակում Մերձավոր Արեւելքի հարցերին խառնվելու՝ Եվրոպայի հնարավորությունները ծայրահեղ սահմանափակվեցին: Իսկ այն, որ անգամ Զելենսկին եվրալիբերալներին դեմ գնաց, Բրյուսելի համար արդեն լուրջ ազդակ էր: Ամեն դեպքում՝ Պաղեստին ճանաչել պատրաստվող Մակրոնին Թրամփի թիմն այնպես նվաստացրեց, որ նա հազիվ թե որեւէ լուրջ բանի ընդունակ լինի:
Էրդողանը դեռ մնում է քաղաքական դաշտում՝ աշխատելով իր մոտ կազմակերպել Պուտինի եւ Թրամփի գագաթաժողովը: Թերեւս հուսալով, որ այդ առիթով նաեւ իր գործերը կկարգավորի. որ եթե անգամ չշահի նոր վերաբաշխումներից , ապա գոնե չկորցնի: Բայց ասել, թե քաղաքական դաշտում նրա հնարավորությունները մեծ են, երբ հարցերը սկսել են լուծվել ռազմական միջոցներով, քիչ հավանական տեսք ունի: Այսինքն, Թուրքիային մնում է կա´մ սկսել Իսրայելի հետ ռեալ հակամարտության մեջ մտնել՝ համագործակցելով Իրանի հետ, կա´մ հեռանկարները կմնան անորոշ:
Իրանի ռազմական զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանին, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապերի խորացումը եւ արեւելյան այլընտրանքային ուղիներ գտնելու փորձերը ցույց են տալիս, որ Թեհրանը գիտակցում է սպառնացող թակարդը:
Ամեն դեպքում, Իրանի հիմնական հույսը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապերն են, առանց որի երկար դիմադրել ներկայիս մասշտաբներով համակողմանի հարձակումներին շատ դժվար կլինի: Ռուսաստանը եւ Չինաստանն էլ, իհարկե, ունեն սեփական շահերը, որոնք, թեեւ շատ հարցերում կարող են չհամընկնել, սակայն Իրանի կայունության համար դրանք համընկնում են: Կայուն Իրանը Ռուսաստանին պետք է իր հարավային ուղղությունը պահելու, ապա նաեւ՝ Հնդկական օվկիանոսի հատված դուրս գալու համար: Իսկ դա կենսական է դարձել Եվրոպայի ուղղությամբ լոգիստիկայի գրեթե զրոյացման արդյունքում: Նույնը կարելի է ասել Չինաստանի մասին. <<Մետաքսի ուղու>> իրանական թեւի ուղղությամբ կատարված են հսկայական ներդրումներ, այն ենթադրում է տնտեսական մեծ հեռանկարներ: Մեկ բան դրանից բխում է. եթե, ասենք, իսրայելյան «Դավթի միջանցքի» եւ Քուրդիստանի հարցում ռուսների եւ չինացիների խնդիրները շատ մեծ չեն, ընդհակառակը, որոշակիորեն կարող են նաեւ դրանից օգուտներ ստանալ, ապա «Զանգեզուրի միջանցքը» այն սահմանն է, որը տալու դեպքում երկուսի մոտ էլ ոչ միայն տնտեսական, այլ նաեւ՝ անվտանգային խնդիրներ են առաջանում: «Զանգեզուրի միջանցքի» առկայության դեպքում Ռուսաստանը լրջագույն խնդիրներ կստանա նաեւ Կենտրոնական Ասիրայի տարածաշրջանում: Իսկ ահա Չինաստանը կհայտնվի թյուրքական ներխուժման ռեալ հեռանկարի առաջ: Այն է՝ երկրորդ ճակատ, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի հետ բախումը մնում է օրակարգում:
Ու մյուս կողմից, Ռուսաստանը եւ Չինաստանը պահպանում են Իրանի, ասենք նաեւ Թուրքիայի միջոցով «Դավթի միջանցքի» սխեմային ռազմավարական հարված հասցնելու հնարավորությունը: Եվ այս առումով, պատահական չեն լուրերը, որի Ռուսաստանից, էլ ավելի մեծ չափով՝ Չինաստանից դեպի Իրան ակտիվ ռազմական հոսքեր կան: Գումարած, Չինաստանի նախագահ Սիի հայտարարությունը, որ BRICS խումբը շուտով քայլեր կձեռնարկի՝ ԱՄՆ դոլարից կախվածությունը զրոյացնելու համար, Թրամփի համար պետք է որ լուրջ ազդակ լինի:
Հնարավո՞ր է ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ կոմպրոմիս: Ասենք՝ «Դավթի միջանցքի» տարբերակն ընդունելու, «Զանգեզուրի միջանցքը» բացառելու տեսքով, որը կպահպանի Իրանի ներկա վիճակը՝ հարված դառնալով Թուրքիայի համար: Ամեն դեպքում, երբ վերջերս Թրամփը սկսեց խոսել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հավակնությունների մասին, դա, թերեւս, ավելի նման էր նոր խաղային ուղղություն բացելու. կհրաժարվեմ դրանից, բայց դուք էլ պետք է ինչ-որ բան զիջեք տարբերակով: Թերեւս, նույն ժանրում պետք է տեսնել նաեւ Թրամփի վերջին հայտարարությունը, թե՝ շատ է նեղացել Պուտինից, 50-ի փոխարեն, 10-12 օր ժամանակ է տալիս նրան:
Այս բոլոր հարցերի պատասխանները, թերեւս, կարող է տալ սեպտեմբերի 3-ին Չինաստանում հնարավոր Պուտին-Թրամփ-Սի գագաթաժողովը: Անգամ եթե վերջնականապես հաստատվի, որ այն կայանալու է, դա արդեն շատ լուրջ ազդակ կդառնա: Հիշեցնենք միայն՝ Պուտինը հաստատել է, որ այդ օրը կլինի Չինաստանում, Թրամփը շատ հնարավոր է համարել:
Тес наеу https://t.me/iravunk/55428