Որևէ տեղից մի դրածո չի կարող հաջողություն ունենալ, Սամվել Կարապետյանն ուզում է իշխանություն՝ ընտանիքի շահերը պաշտպանելու համար. Ազատ Արշակյան

«Իշխանությունը վերցնելուց հետո դրածո վարչապետը կարող է կատարել Սամվել Կարապետյանի հրահանգները: Եթե լիդերը մարդ է, ով օրենքով չի կարող լինել երկրի ղեկավար, նշանակում է՝ ինքը լինելու է դրածոյի ղեկավարը: Այդպիսի մի բան եղել է 2000 տարի առաջ Հին Հռոմում Կալիգուլան իր ձիուն դարձրել էր սենատոր, հիմա հնարավոր է, որ Սամվել Կարապետյանը «ձի» վարչապետ ունենա»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե իրենց քաղաքական թիմի ղեկավարը լինելու է Սամվել Կարապետյանը՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

Արշակյանի խոսքով՝ այն, ինչ առաջարկում է Սամվել Կարապետյանը և իր կլանը՝ սովորական բիզնես ծրագիր է՝ ընտանիքի շահերը պաշտպանելու համար. «Ճիշտն այն է, որ արտաքին քաղաքական կուրսի, տնտեսական զարգացման մասին ծրագիր լիներ, այդ ծրագրի շուրջ կհամախմբվեին մարդիկ, որոնց մեջ պետք է լիներ մրցակցություն՝ ով կդառնար լիդերը, բայց նրանք ուզում են որպես գործիք օգտագործել քաղաքական իշխանությունը: Քաղաքական իշխանությունն իսկապես գործիք է տնտեսությունը զարգացնելու, երկիրն անվտանգ դարձնելու, քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելու համար, բայց տվյալ դեպքում մենք տեսնում ենք ուրիշ բան՝ ընտանիքն իր ունեցվածքը պահպանելու, ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու համար ուզում է իշխանություն ունենալ, դրա համար էլ կարծում եմ՝ հաջողություն չեն կարող ունենալ: Հայաստանն այն երկիրը չէ, որ այդքան ցածր, գեղջկական մակարդակում իշխանություն ձևավորի»:

Խոսելով Սամվել Կարապետյանի քաղաքական կենսագրության մասին՝ Ազատ Արշակյանը նշեց. «Սամվել Կարապետյանը քաղաքական կենսագրություն չունի: Երբ մենք բոլորս սնանկացել էինք, երկիրը պատերազմի մեջ էր, ունեզրկվել էր, այդ ընտանիքը հարստանում էր, ինքը մեզնից մեկը չի, իշխանությունը պետք է մեզնից մեկը լինի, իսկ որևէ տեղից մի դրածո ժողովրդավարական երկրում չի կարող հաջողություն ունենալ: Չեմ կարծում, որ մի քանի հարյուր հազար մարդ իր անձնական շահերը կզիջի Կարապետյանների ընտանիքի շահերին, ստացվելու է, որ հանուն նրանց շահի մենք զոհաբերելու ենք մեր ընտանիքի, մեր հայրենիքի շահը»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ դեր են ունենալու նախկինները ստեղծվող քաղաքական ուժում՝ Ազատ Արշակյանը նշեց. «Նախորդ իշխանություններն ունեցել են քաղաքական ծրագրեր, քաղաքական կենսագրություն, իսկ հիմա քաղաքական անցյալ չունեցող ուժ է ձևավորվում: Չի կարելի առանց անցյալի, առանց կենսագրության, առանց կադրային բազայի քաղաքական իշխանություն ձեռք բերել: Իրենք նույնպես եղել են այն ժամանակվա քաղաքական ուժերի ակտիվ աջակիցները, իրենք էլ նոր չեն, այսինքն՝ իրենք յուրայիններին է՞լ են մերժում»:

Մեր այն հարցին, թե ընտրությունների ժամանակ այս ուժն ինչ շանսեր կարող է ունենալ՝ Արշակյանը նշեց. «Իրենց ընտանիքի անդամներն իրենց ձայն կտան, եթե բանտում չլինեն, նախ նրանք պետք է ազատվեն քրեական հետապնդումից, հետո նոր արդեն հայտ ներկայացնեն: Նրանց ծրագիրն անփորձության, քաղաքական անտեղյակության հետևանք է: Նարեկ Կարապետյանը հակագովազդային քաղաքական գործիչ է, եթե ուզում ես գործդ ձախողվի, այդպիսի մարդկանց պետք է ասպարեզ բերես, որպեսզի մարդիկ քեզ ձայն չտան»:

Այս ամենի համատեքստում խոսելով նաև Ռուսաստանի դերի մասին՝ մեր զրուցակիցը նկատեց. «Կարծում եմ՝ ռուսական ազդեցություն անպայման լինելու է, ՌԴ-ն կունենա ավելի հաջողակ թեկնածուներ, նրանց կուղարկի ու կաջակցի: Ռուսաստանը հիմա միակը չէ, որ ուզում է իր շահերը ներկայացնող ունենալ Հայաստանի քաղաքական իշխանությունում, այլ ուժեր էլ կան, որոնք նույնպես ուզում են իրենց շահերը ներկայացված լինեն. պետք է մրցակցություն գնա ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Թուրքիայի մեջ: Նրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն փորձելու են Հայաստանում իրենց շահերը պաշտպանող քաղաքական ուժեր ունենալ: Ռուսաստանի պարագայում Սամվել Կարապետյանը չի լինելու ՌԴ-ի շահերի ներկայացուցիչը, նա խոտանված է Ռուսաստանի կողմից, հանձնված է Հայաստանի արդարադատությանը: Եթե նա լիներ Ռուսաստանի շահերի ներկայացուցիչը, նա բանտում չէր լինի, նրա ունեցվածքն էլ «կալանքի» տակ չէր լինի, Ռուսաստանը դեռ այնքան մեծ ազդեցություն ունի, որ իր շահերի ներկայացուցիչը չի կարող բանտում լինել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment