Հարավային Կորեան աջակցում է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի գաղափարին

Կորեայի Հանրապետության կառավարությունը շարունակում է պաշտպանել ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի անցկացումը՝ Կորեական թերակղզու տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ներկայացուցչին։

«Մենք ակտիվորեն աջակցում ենք Հյուսիսի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովների վերսկսմանը՝ Կորեական թերակղզում խաղաղության և Հյուսիսարևելյան Ասիայի կայունության շահերից ելնելով», – ասել է հարավկորեացի պաշտոնյան՝ մեկնաբանելով ԿԺԴՀ-ի ղեկավարի քրոջ հայտարարությունը։ ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդներ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը հանդիպել են համապատասխանաբար Սինգապուրում և Հանոյում 2018 և 2019 թվականներին։

Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի փոխտնօրեն Կիմ Յո Չժոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է ընդունի նոր իրականությունը և հրաժարվի ԿԺԴՀ-ի լիակատար ապամիջուկայնացման ձգտումից, եթե ամերիկյան կողմը հետաքրքրված է երկխոսությամբ։

Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը ամրագրված է սահմանադրությամբ։ Կիմ Չեն Ընի քույրը չի «հերքել ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև լավ անձնական հարաբերությունները», սակայն, ըստ նրա, դրանք չպետք է օգտագործվեն Փհենյանին համոզելու համար հրաժարվել իր միջուկային զենքից։

Leave a Comment