Մերցը Մակրոնի և Սթարմերի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ․ նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

«Հուլիսի 26-ի առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկել ենք Մերձավոր Արևելքում մեր քաղաքականությունը։ Էմանուել Մակրոնի և Քիր Սթարմերի հետ ձեռք է բերվել համաձայնություն, առաջիկա օրերին համակարգված կերպով կձեռնարկենք մեր հետագա քայլերը », — Մերցի խոսքերն է մեջբերում Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Հուլիսի 24-ի երեկոյան Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետականությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Նրա կարծիքով՝ «հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելն է»։

Ուրբաթ օրը X-ում հրապարակված տեսաուղերձում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադար հաստատվելուց հետո Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը։

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Սթարմերը չի ցանկանում շտապել Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու հարցում, որպեսզի չփչացնի հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։ Հրատարակության տվյալներով՝ Վաշինգտոնը կոչ է անում ԱՄՆ դաշնակիցներին չճանաչել Պաղեստինը, քանի որ դա կբարդացնի Գազայի հատվածում հակամարտության կարգավորումը։

Leave a Comment