«Պարի Սեն-Ժերմենը» մտադիր է 2025 թվականի ամռանը վաճառել դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային՝ խուսափելու նրա անվճար հեռանալու ռիսկից։ Ինչպես հայտնում է L’Équipe-ը, ակումբը ցանկանում է կանխել Կիլիան Մբապեի սցենարի կրկնությունը, երբ վերջինս անվճար տեղափոխվեց «Ռեալ»։
25-ամյա իտալացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2026 թվականի հունիսին, սակայն նա բազմիցս մերժել է պայմանագիրը երկարաձգելու առաջարկները։ Դոնարումայով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան»։
2021 թվականի Եվրոպայի չեմպիոնը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 47 խաղի՝ 17-ում պահելով դարպասը անառիկ և բաց թողնելով 43 գոլ։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։