ՌԴ ՊՆ-ն հայտնել է 105 ԱԹՍ-ի խոցման մասին․Կուբանում ԱԹՍ-ների բեկորները վնասել են գնացքի վագոնը, Ստավրոպոլում՝  հարձակվել քիմիական գործարանի վրա․ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է ինը շրջաններում և Ազովի ծովի վրա խոցված 105 անօդաչու թռչող սարքի մասին, փոխանցում է Current time-ը։

Կրասնոդարի երկրամասում խոցվել է ութ անօդաչու թռչող սարք։ Նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ Տիմաշևսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են երկաթուղային կայարանի տարածքում և վնասել քաղաքով անցնող ուղևորատար գնացքի վագոններից մեկը։ Երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Նրա խոսքով՝ գնացքը շարունակում է երթևեկել սահմանված երթուղով։ Կայարանի էլեկտրամատակարարումը վերականգնվել է, երկաթուղային ենթակառուցվածքներին որևէ վնաս չի հասցվել։ «Ռուսական երկաթուղիներ»-ը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորների անկման պատճառով ուշացել է 12 գնացք։

Տեմրյուկի և Սլավյանսկի շրջաններում, ըստ Կոնդրատևի, մասնավոր տներին աննշան վնասներ են պատճառվել՝ կոտրվել են  պատուհաններ, ոչ ոք չի տուժել։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ Ստավրոպոլի երկրամասի վրա խոցվել է հինգ անօդաչու թռչող սարք։ Նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտարարել է, որ Նևինոմիսկի վրա խոցվել է 37 անօդաչու թռչող սարք։

«Սա Ստավրոպոլի երկրամասի վրա ամենազանգվածային հարձակումն էր։ Զոհեր, վիրավորներ չկան»,- գրել է նա։

Astra-ն, հղում անելով տեղի բնակիչներին, գրում է, որ հարձակման թիրախը, ենթադրաբար, եղել է «Նևինոմիսկի Ազոտ»-ը, որը մտնում է «Եվրոխիմ» խմբի մեջ։ Reuters-ի տվյալներով՝ գործարանն ազոտական թթու է մատակարարում Նիժնի Նովգորոդի մարզի Սվերդլովի գործարանին օկտոգենի և հեքսոգենի արտադրության համար, որոնք օգտագործվում են հրետանային արկերի արտադրության մեջ։ Երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ է այս գործարանը հարձակման ենթարկվում։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ամենաշատ անօդաչու թռչող սարքերը խփվել են Բելգորոդի մարզում՝ 26, Բրյանսկի մարզում՝ 25, Ռոստովի մարզում՝ 23, Ազովի ծովի ջրերի վրայով՝ 9, Կուրսկի և Տամբովի մարզերի վրայով՝ երեքական, Վորոնեժի մարզի վրայով՝ երկու և Օրյոլի մարզի վրայով՝ մեկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment