«Գեղարդ» հիմնադրամը հակագիտական հրապարակումների համար դիմել է Վրաստանին եւ ստացել Տոմսկի համալսարանից նման մի դիմումի պատասխան

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Վրաստանի մի շարք ակադեմիական կառույցների՝ ի պատասխան Վրաստանում լույս տեսնող «The Caucasus and the World» ամսագրում վերջին տարիներին հրապարակված հակահայկական, գիտական չափանիշներից զուրկ և կեղծիքներով լի հոդվածների։

Ըստ հիմնադրամի՝ ամսագրի գլխավոր խմբագիր Գուրամ Մարխուլիան, հայտնի է իր հայատյաց գործունեությամբ և Ադրբեջանի պետական կառույցների հետ կապերով։

Բողոքում ներկայացված կոնկրետ հրապարակումներն ու դրանց մանրամասները հասանելի են հիմնադրամի կայքում:

«Գեղարդ» հիմնադրամը կոչ է անում վրաց գիտական հանրությանը՝
📌 Դատապարտել նմանատիպ հրապարակումները,
📌 Իսկ հանդեսի խմբագրությանը՝ անցկացնել անաչառ քննություն։

«Հակառակ դեպքում հիմնադրամը նախատեսում է դիմել միջազգային ինդեքսավորման կառույցներին՝ գիտական էթիկայի գործընթաց սկսելու պահանջով»,- ասված է «Գեղարդ»-ի դիմում- բողոքում։

Գիտավերլուծական հիմնադրամը ժամանակին դիմում-բողոք էր ներկայացրել  նաեւ ՌԴ Տոմսկի պետական համալսարանին՝ վերջինիս պարբերականներում հրապարակված հակահայկական և հակագիտական բովանդակություն ունեցող հոդվածների վերաբերյալ։

Տոմսկի համալսարանի գիտական եւ նորարարական գծով պրոռեկտոր պատասխանել է նամակ- բողոքին։ «Գեղարդ» հիմնադրամի մատնանշած փաստերը քննության են առնվել հատուկ հանձնաժողովի կողմից, համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել ապագայում ավելի պատասխանատու և զգուշավոր լինել նմանօրինակ հոդվածների նկատմամբ։

Leave a Comment