Ռուսական զորքերը հարվածել են Սումիին․ քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության

Քաղաքականություն

23.07.2025 | 11:08

Ռուսական զորքերը հուլիսի լույս 23-ի գիշերը անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Սումիում, ըստ քաղաքապետ Արտյոմ Կոբզարի, քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտները ենթարկվել են հարձակման, որի հետևանքով քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրամատակարարման, գրում է Current time-ը։

«Որոշ բժշկական հաստատություններ աշխատում են գեներատորներով։ Բոլոր ծառայություններն արդեն աշխատում են արտակարգ իրավիճակի հետևանքները վերացնելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ»,- նշել է նա։

Կրիվոյ Ռոգում վնասվել են ձեռնարկություն, մասնավոր տներ, բազմահարկ շենքի վեց բնակարան, մեկ մասնավոր ձեռնարկություն, ուսումնական հաստատություն, վարչական շենք, եկեղեցի, մարզական համալիր և մեքենաներ, հայտնել է քաղաքի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը։

Նիկոպոլսկի շրջանում, ըստ նրա, ծանր հրետանին հարվածել է Մարգանեց և Պոկրովսկայա համայնքներին։ Վնասվել է երկու մասնավոր տուն։

Հուլիսի 22-ի երեկոյան ռուս զինվորականներն անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի Վելիկի Բուրլուկ գյուղի շուկայի տարածքին: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հրդեհ է բռնկվել մոտ 500 քառակուսի մետր մակերեսով առևտրային տաղավարներում, այն  մարվել է: Բացի այդ՝  վնասվել են փոստային բաժանմունքի շենքը և այլ մանրածախ առևտրի օբյեկտներ:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ գիշերը Ռուսաստանը հարձակվել է երկրի վրա 71 ԱԹՍ-ով, հարվածային և իմիտացիոն սարքերով, որոնցից 27-ը խոցվել կամ ճնշվել են, ևս 18-ը չեն հասել իրենց նշանակետին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment