Հուլիսի 21-ին անցկացվեց «Ռենջեր» մրցանակաբաշխությունը՝ Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, նախարարության ղեկավար կազմը, Գեղարքունիքի մարզպետը, ինչպես նաև Էկոպարեկային ծառայության ղեկավար կազմն ու ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարը.
«Էկոպարեկային ծառայությունն այսօր պետության կողմից իրականացվող բնապահպանական քաղաքականության կարևոր օղակներից է։ Բնության պահապանները՝ էկոպարեկները, իրականացնում են ոչ միայն հսկողություն և վերահսկում, այլև կանխարգելիչ և կրթական գործառույթներ՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված աշխատանքների շարունակականությունը։ Նրանց գործունեությունը հստակ օրինակ է ծառայողական բարեխղճության, նվիրումի և մասնագիտական պատասխանատվության»,- նշել է նախարարը։
Մրցույթին մասնակցել են 15 ռենջեր, որոնցից 12-ը՝ Էկոպարեկային ծառայությունից։

Մասնակիցները մրցեցել են ինչպես տեսական գիտելիքներով, այնպես էլ ֆիզիկական պատրաստվածությամբ։ Մրցանակային վեց տեղերից հինգը զբաղեցրել են Էկոպարեկային ծառայողներ։
Առաջին տեղ – Արթուր Քոչարյան
Երկրորդ տեղ – Վահե Խաչատրյան, Միքայել Պողոսյան
Երրորդ տեղ – Գևորգ Գասպարյան, Սասուն Շիրինյան, Սասուն Գալստյան:
