Պատժամիջոցների հարցը հրատապ է․ քննարկումներ՝ Իրան–Ռուսաստան–Չինաստան

Հուլիսի 22-ին տեղի է ունենալու Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: Քննարկման հիմնական թեմաները կլինեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը և «եվրաեռյակի» սպառնալիքները՝ ակտիվացնելու Snap back մեխանիզմը։ Դրանից բխում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերադարձի հարցը՝ հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: Թեհրանում եռյակի հանդիպումը չի լինելու արտգործնախարարների մակարդակով։ Դիվանագետի խոսքով՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումները միջազգային շատ հարցերում համընկնում են, ու երեք երկրները պահպանում են լավ հարաբերությունները։ 

Թեհրանում կրկին քննարկման թեմա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերադարձի հարցը։ Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի ներկայացուիչները Իրանի դեմ եվրոպական եռյակի սպառնալիքների թեման կքննարկեն՝ հանդիպման նախօրեին տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային․

«Թեհրանում Ռուսաստանի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպմանը գլխավոր տնօրենների մակարդակով կքննարկվի Իրանի միջուկային հարցը, որն անշուշտ կներառի Snap back մեխանիզմի հարցը, ինչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ավտոմատ վերահաստատումն է: Այսպիսով, մենք անընդհատ խորհրդակցում ենք այս երկրների հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք կանխել այս իրավիճակը կամ նվազեցնել դրա հետևանքները»:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն երկու օր առաջ հայտարարեց, որ Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը կվերականգնեն պատժամիջոցները Իրանի դեմ, եթե մինչև օգոստոսի վերջ Թեհրանի հետ միջուկային հարցով համաձայնություն չկնքվի:

Այս հայտարարությանն ի պատասխան՝ Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի միջուկային ծրագրից։ Նա պարզաբանել է, որ անցած ամիս ԱՄՆ-ի հարվածներից միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են։

«Այժմ այն դադարեցված է, քանի որ, այո՛, վնասները լուրջ են և ծանր: Բայց ակնհայտ է, որ մենք չենք կարող հրաժարվել հարստացումից, քանի որ դա մեր գիտնականների նվաճումն է: Մեր միջուկային ծրագիրը՝ ուրանի հարստացման, դրսից ներմուծված բան չէ, որ ոչնչացվի ռմբակոծություններով։ Վերջերս տեղի ունեցած հարձակումը ապացուցեց, որ հարցի լուծման ռազմական տարբերակ չկա»։

Մոտ քառասուն օր առաջ Իսրայելն օդային հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին և ռազմական ենթակառուցվածքներին։ Այդ ամենի մեջ մի քանի օր անց ներգրավվեց Միացյալ Նահանգներն ու ռմբակոծեց Իրանի երեք կարևոր միջուկային օբյեկտներ։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը վստահեցրեց, որ Իրանում միջուկային բոլոր օբեկտները ոչնչացված են։ Կատարավածից հետո դադարեցին նաև  իսրայելական հարվածները Իրանի դեմ։ Իրանի արտգործնախարար Արաղչին հարվածներից ավելի քան մեկ ամիս անց կրկին հայտարարում է, որ պատրաստ են բանակցությունների ԱՄՆ–ի հետ, եթե նպատակը փոխշահավետ լուծում գտնելն է․

«Եթե նրանք գալիս են փոխշահավետ լուծման համար, պատրաստ եմ համագործակցելու նրանց հետ։ Այսինքն՝ մենք պատրաստ ենք ձեռնարկելու վստահության ամրապնդման ամեն տեսակի միջոցառում՝ ապացուցելու, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է։

Եվ կմնա խաղաղ հավերժ։ Եվ Իրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել։ Եվ դրա դիմաց մենք ակնկալում ենք, որ նրանք կվերացնեն իրենց պատժամիջոցները։ Սա փոխադարձաբար շահեկան խաղ է, և մենք պատրաստ ենք մասնակցելու դրան»։

Այս հայտարարությունից սակայն մի քանի օր առաջ Իրանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, ըստ որի՝ Թեհրանը չպետք է վերսկսի միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, մինչև Վաշինգտոնը չիրագործի Իրանի առաջադրած նախապայմանները։ Թե որոնք են դրանք, խորհրդարանը չի պարզաբանել, սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախկինում հայտարարել էր, որ անհրաժեշտ են երաշխիքներ, որ Թեհրանի դեմ հարձակումներ չեն լինի։

Անցյալ շաբաթ Արաղչին վերահաստատել էր՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Իրանը չի համաձայնի մի գործարքի, որը Թեհրանին կպարտավորեցնի հրաժարվել ուրանի հարստացումից։

Մինչև Թեհրանում Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ներկայայացուցիչների եռակողմ հանդիպումը՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունն ասել է, որ դիվանագիտական մոտեցումը «միակ ճիշտ ճանապարհն» է Իրանի միջուկային խնդիրը լուծելու համար․

«Իրանի միջուկային խնդիրը վերաբերում է Մերձավոր Արևելքի խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև միջազգային միջուկային զենքի չտարածման ռեժիմին: Չինաստանը միշտ կողմ է Իրանի միջուկային խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Սա առաջ շարժվելու միակ ճիշտ ուղին է: Մենք կոչ ենք անում համապատասխան կողմերին աշխատելու նույն ուղղությամբ՝ խնդիրը քաղաքական կարգավորման հուն վերադարձնելու համար»:

Մինչև երեք երկրների դիվանագետների քննարկումները մի շարք կարևոր հանդիպումներ ու հեռախոսազրոյցներ են են տեղի ունեցել այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև։

Երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման ուղիների հարցեր են քննարկել Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարները՝ հայտնում է  РИА “Новости”–ն  հղումով Իրանի դեսպանին։

Նախարարներ Անդրեյ Բելոուսովի և Ազիզ Նասիրզադեի հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, դրան էլ նախորդել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանիի բանակցությունները։

Ուշագրավ է, որ քննարկումներին զուգահեռ՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարում է, որ Թեհրանը շարունակում է համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ և չի բացառում, որ ապագայում գործակալության տեսուչները վերադառնան Իրան։ Նա սակայն պարզաբանում է, որ անհրաժեշտ է աշխատանքի նոր կարգ, քանի որ ուրանի հարստացման օբյեկտները ոչնչացվել են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ արձագանքել է Արաղչիի՝ Իրանի միջուկային օբյեկտների լուրջ վնասման ու ոչնչացման մասին ձևակերպմանը։ Truth Social սոցիալական ցանցում Թրամփը գրել է, որ Միացյալ Նահանգներն անհրաժեշտության դեպքում կրկին կոչնչացնի Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։

Leave a Comment