«Իրավունք»-ը զրուցել է արեւելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:
— Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Փաշազադեն ասել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին ռեւանշիստական քարոզ է իրականացնում եւ ժողովրդին տանում է դեպի աղետ։ Ի՞նչ կասեք այս մասին:
— Նրա հայտարարությունները այլ համատեքստում պետք է դիտարկել։ Այստեղ պետք է հաշվի առնել երկու կարեւոր հանգամանք։ Նախ եւ առաջ՝ տեսնում ենք, որ երկու երկրների կրոնական հաստատությունների միջեւ կա, իհարկե, խնդիր։ Երկու երկրների հարաբերություններում կրոնական կառույցների դիրքորոշումները տարբեր կետերում տարբերվում են։
Առաջին հերթին՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայ Առաքելական Եկեղեցին տվյալ հարցում ունի իր հստակ դիրքորոշումը։ Կարծես թե, իր քննադատությունների շրջանակում նա փորձում է պահել այդ հարցը օրակարգում։ Շվեյցարիայում վերջերս տեղի ունեցած միջոցառումը, որին մասնակցում էր նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նրա հնչեցրած ելույթը, ինչպես նաեւ այլ հոգեւորականների եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հայտարարությունները հենց այդ մասին են խոսում։
Իհարկե, պարզ է, որ նման հայտարարություններ, գոնե կրոնական մակարդակում՝ այսինքն Կաթողիկոսական մակարդակում (Ադրբեջանում համարժեք պաշտոնյաների մակարդակում), պետք է հնչեն, եւ մենք նկատում ենք նման գործունեություն։
Երկրորդ հերթին, չմոռանանք, որ Ադրբեջանը շարունակում է առաջ մղել արեւմտյան, այսպես կոչված, գաղափարախոսությունը, եւ դա, առանց չափազանցության, ենթադրում է տարածքային հավակնություններ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ Երեւանի «ազատագրման» մասին է խոսվել վերջին միջոցառումներից մեկի ընթացքում։
Փաշազադեի վերջին շրջանի ակտիվությունը եւս կարելի է դիտարկել այս համատեքստում. այսինքն՝ փորձ է արվում ազդել հայաստանյան հանրային տրամադրությունների վրա։ Սա հատկապես այն դեպքում, երբ տեսնում ենք, որ երկրի ներսում էլ կան որոշակի խնդիրներ քաղաքական իշխանությունների եւ հոգեւորականության որոշ ներկայացուցիչների միջեւ։
Այս պարագայում, ներքաղաքական իրողություններով պայմանավորված, տեղեկատվական եւ քարոզչական դաշտում եւս ձեւավորվում են որոշակի նարատիվներ, որոնց վրա Ադրբեջանը փորձում է ազդել։ Հատկապես՝ ընդդիմության քարոզչական օրակարգը հաշվի առնելով, Ադրբեջանը բավականին հաջող կերպով կարողանում է ազդել քարոզչական դաշտի վրա։
Օրինակ, վերջին շրջանում ակտիվացել է այն քարոզը, թե Փաշինյանի քայլերն ուղղակիորեն կապված են Ադրբեջանի հռետորաբանության եւ սպառնալիքների հետ։ Եվ Ադրբեջանը, բնականաբար, ձգտում է այդ գիծը ավելի խորացնել։ Սա առաջին դեպքը չէ. վերջին հինգ տարիների ընթացքում ամեն անգամ, երբ Հայաստանում որեւէ քաղաքականություն է իրականացվում կամ նոր նախաձեռնություն է սկսվում, ադրբեջանական վերլուծաբաններն ու պաշտոնյաները փորձում են դրան «քարոզչական կրակ» ավելացնել՝ ներկայացնելով դա որպես իրադարձություն, որից իրենք կարող են օգուտ քաղել։
Այս ամենի նպատակը մեկն է՝ խորացնել ներքաղաքական լարվածությունը Հայաստանում։ Ադրբեջանը շահում է այն պարագայում, երբ Հայաստանում կա քաոս, անիշխանություն։ Նրանք ձգտում են Հայաստանը դարձնել մի պետություն, որը ավելի հեշտ կլինի ճնշել թե՛ քարոզչական, թե՛ դիվանագիտական եւ տարածքային գործընթացներում։
Ադրբեջանի համար ընդունելի Հայաստանի տարբերակը այն է, ինչպիսին Իսրայելի համար է Սիրիան՝ քաոսային, անկայուն, եւ մշտապես խնդիրների մեջ։ Իրենք էլ, օգտվելով այդ իրավիճակից, փորձում են լուծել սեփական ռազմավարական հարցերը։
Նույն այդ սցենարի շրջանակում նրանք օգտագործում են իրենց ունեցած քարոզչական, գաղափարական եւ քաղաքական գործիքակազմը՝ ազդելու եւ խորացնելու Հայաստանի ներքին հակասությունները։ Եվ վստահ եմ, որ որքան մոտենա Հայաստանում նախընտրական շրջանն, այնքան նրանց փորձերը՝ ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ, կաճեն։ Նրանց համար կենսական կարեւորություն ունի, որ Հայաստանում տիրի գլոբալ եւ երկարատեւ անորոշություն։
— Ի դեպ, նաեւ Իրան–ԱՄՆ եւ Իրանի միջուկային բանակցությունները կարծես գնալով փակուղու մեջ են հայտնվում։ Ձեր կարծիքով՝ արդյոք տարածաշրջանը հղի է նոր պատերազմով:
— Ադրբեջանն այսօր՝ զարգացումներով պայմանավորված, փաստացի վերանայում է իր դիրքորոշումը։ Հասկանալի է, որ տարածաշրջանում մեծ պատերազմի հավանականություն կա, ու հենց այդ պատճառով կողմերը փորձում են որոշ փաստաթղթեր ստորագրել կամ սահմանափակումներ կիրառել՝ իրենց գործողություններում ավելի ազատ լինելու համար։ Դա կարող է նաեւ բացատրել, թե ինչու է Ադրբեջանը ձգձգում գործընթացները. դա համակարգված, փոխհամաձայնեցված քաղաքականություն է՝ պայմանավորված նոր տարածաշրջանային հնարավոր զարգացումներին նախապատրաստվելով եւ դրանից առավելագույն օգուտ ակնկալելով։
Այս փուլում կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խաղաղության գործընթացը օգտագործում է որպես միջոց՝ առավելություն ստանալու համար՝ հատկապես Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի հաշվին։ Ցավոք, վերջին զարգացումները վկայում են, որ իրավիճակն էլ ավելի է լարվում՝ այդ թվում ռազմական հարթությունում։
Վերջին օրերին աննախադեպ լարվածություն է նկատվում ԱՄՆ–ի եւ Իրանի միջեւ։ Երկու կողմն էլ փոխադարձաբար ճնշում են փորձում գործադրել՝ բոլոր հնարավոր մակարդակներում։ ԱՄՆ–ի վերջին գործողությունները՝ թե՛ տեղեկատվական դաշտում, թե՛ քաղաքական հայտարարություններով, խոսում են այն մասին, որ ԱՄՆ–ն ինչ–որկանխատեսումունիհնարավորռազմականգործողություններիվերաբերյալ։
Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ–ի հակասությունների բնույթը այնպիսին է, որ այստեղ կարծես թե չկան իրական սահմաններ՝ առնվազն քաղաքական եւ ռազմական առումով։ Իրանի սահմանի երկայնքով՝ Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի եւ ընդհուպ մինչեւ հարավային ուղղության մի շարք երկրներ, ձեւավորվել է այնպիսի իրավիճակ, որ սահմաններն ուղղակի հարաբերական են։ ԱՄՆ–ն ռազմավարական ներկայություն ունի Իրանի հարեւան մի շարք երկրներում՝ հատկապես նշենք Պարսից ծոցի արաբական երկրները եւ Իրաքը։ Սա էլ իր հերթին մեծացնում է այն հավանականությունը, որ ԱՄՆ–ն կարող է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել հենց այդ տարածքներից՝ թե՛ ռազմաբազաներից, թե՛ ծովից՝ ռազմական նավատորմի օգնությամբ, կամ նույնիսկ՝ եվրոպական մի շարք երկրների տարածքից։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ