Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի արդյունաբերության ցուցանիշը նվազել է։ Այս տարվա առաջին հինգ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը ավելի քան 14 տոկոսով ցածր է 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Մասնագետներն անկումը մի քանի գործոնով են պայմանավորում։ Նշում են, որ հակառակ արդյունաբերության անկմանը՝ տնտեսական աճ արձանագրվել է առևտրի և ծառայությունների ոլորտի հաշվին։
Մշակող արդյունաբերություն (ծավալը կրճատվել է 21,5%-ով), հանքարդյունաբերություն (1,6%). արդյունաբերական այս ենթաճյուղերի ցուցանիշների անկումով պայմանվորված՝ այս տարվա հինգ ամիսներին արդյունաբերության ոլորտում երկնիշ անկում է արձանագրվել՝ ավելի քան 14 տոկոս։ Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտում արձանագրվել է երկնիշ աճ՝ շուրջ 11,5 տոկոս: ՀՊՏՀ միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցի ժամանակ ընդգծում է․
«Դա մտահոգիչ է։ Երկրորդ կարևոր մտահոգիչ փաստը, որ ամբողջ արդյունաբերական արտադրանքի մեջ վերամշակող արդյունաբերության տեսակարար կշիռը նույնպես նվազել է։ Վերամշակող արդյունաբերությունը կարևոր է, քանի որ արդյունաբերության մեջ տեսակարար կշիռը հենց վերամշակող արդյունաբերությանն է, որն ամենաբարձրն է։ Եվ այդ ոլորտը էական նվազում է արձանագրել» ։
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցի ժամանակ նշում է, թե ինչ գործոններով է պայմանավորված մշակող արդյունաբերության անկումը․
«2025 թ․ առաջին հինգ ամիսներին արդյունաբերության անկումը պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության 21,5% անկմամբ, որին նպաստել է մշակող արդյունաբերության հիմնական մետաղների և ոսկերչական արտադրատեսակների արտադրություն ենթաոլորտների համապատասխանաբար 76,3% և 70,4% նվազումը։ Ինչպես հայտնի է, 2023 թվականի վերջից և հատկապես նախորդ տարի արդյունաբերության ոլորտի աճը, նկատելիորեն պայմանավորված էր ոսկու վերամշակման բարձր տեմպերով, որոնք հիմնական դերակատարներն էին ոլորտի ամբողջական ցուցանիշների ձևավորման գործում»։
Բացի այդ՝ ընթացիկ տարում ոսկու վերամշակման ծավալները կտրուկ կերպով նվազելեն։Սա ազդել է արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի վրա։ Նվազել են նաև հանքարդյունաբերության ցուցանիշները։ Քանի որ այս ճյուղում նախորդ տարվա նույն ամիսներին որոշակի դանդաղում նկատվում էր, ուստի այժմ բազային էֆեկտով ցուցանիշի անկումը փոքր–ինչ մեղմ է։ Բայց Էլիզա Մաթևոյանի խոսքով՝ հանքարդյունաբերության անկման մեջ իր դերն ունի նաև ԶՊՄԿ–ի աշխատակիցների հունվարյան գործադուլը, որի հետևանքով արտադրանքը կրճատվել էր։
Տնտեսագետ Սոս Խաչիկյանը հատկանշական է համարում այն, որ հակառակ արդյունաբերության ոլորտի անկմանը՝ տնտեսական ցուցանիշները բարձր են․
«Կարծում եմ, որ տնտեսական աճն ապահովում են հիմնականում առևտուրն ու ծառայությունները, առևտրի աճը պայմանավորված է այս ժամանակահատվածով, երբ ցուցանիշները միշտ բարձր են։ Մնացածի առումով մանրամասներ դեռ չկան, բայց ընդհանուր տվյալները վկայում են, որ կենտրոնացել են ծառայություների ոլորտի վրա»։
Ընդհանուր առմամբ՝ փորձագիտական դաշտում կարծում են, որ տնտեսության զարգացման համար երկարաժամկետ ռազմավարության կարիք կա։