«Հայկական բեռների, այդ թվում՝ գազային ապրանքների «արգելափակման» մասին տեղեկատվությունը լիակատար սուտ է». Վրաստանի ֆիննախ

Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարել է, որ երկրի տարածքում հայկական բեռների, այդ թվում՝ գազային ապրանքների «արգելափակման» մասին տեղեկատվությունը լիակատար սուտ է։ Այս մասին գրում է interpressnews.ge կայքը:

Հայտարարության մեջ ծառայությունը նշում է, որ «ապատեղեկատվությունը» ծառայում է հանրությանը մոլորեցնելուն, իշխանություններին վարկաբեկելուն, իսկ խնդիրը քաղաքական համատեքստ տեղափոխելու փորձ է։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը արձագանքում է որոշ լրատվամիջոցների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից Վրաստանում հայկական բեռների (ներառյալ գազային ապրանքների) ենթադրյալ «արգելափակման» վերաբերյալ տարածած հերթական ապատեղեկատվական հայտարարությանը և բացատրում, որ սա լիակատար սուտ է, ծառայում է հանրությանը մոլորեցնելուն, գերատեսչությանը վարկաբեկելուն և խնդիրը քաղաքական համատեքստ տեղափոխելու փորձին։

Ցանկանում ենք պարզաբանել, որ բեռնաշրջանառության աճի համատեքստում միջազգային փոխադրումներին մասնակցող տրանսպորտային միջոցների բոլոր մաքսային ընթացակարգերը կատարվում են հատուկ/ակտիվ ռեժիմով՝ դրանց անխոչընդոտ անցումն ապահովելու համար։

Բացի այդ, Վրաստանի տարածքում գործող բոլոր մաքսային կետերում մաքսային ծառայողները հերթապահում են օրական 24 ժամ՝ արագորեն իրականացնելու ինչպես անհատների, այնպես էլ ուղևորատար և թեթև տրանսպորտային միջոցների ստուգման ընթացակարգերը», – ասված է հայտարարությունում։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը շեշտել է, որ լրատվամիջոցների կողմից տարածված լուսանկարչական և տեսաերիզային նյութերը (գազային արտադրանքով բեռնված տրանսպորտային միջոցների մասնակցությամբ) չեն արտացոլում մաքսային անցակետերում առկա իրական իրավիճակը, այդ թվում՝ Կազբեգիի մաքսային անցակետում, որտեղ բեռնատարների տեղաշարժի կարճատև ուշացում է եղել, որն ամբողջությամբ վերացվել է:

«Մենք կրկին կոչ ենք անում բոլորին զերծ մնալ չստուգված և սխալ տեղեկատվության տարածումից», – ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող բեռնատարների պարագայում։ Արդեն որերորդ օրն է՝ խոչընդոտվում է վրացական անցակետում տասնյակ գազատարների մուտքը Հայաստան։  

Նա, մասնավորապես, նշել է. «Ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեր՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված Վրաստանի մաքսային ծառայությունների նման պահվածքը։

Գազատարների վարորդներն ահազանգում են, որ ստեղծված պայմաններում գազի ճնշումը բարձրանում է՝ առաջացնելով արտահոսքի, պայթյունի վտանգ։ Պարբերական դարձած այսպիսի խոչընդոտները ահազանգ են հայ֊վրացական հարաբերությունների վատթարացման»:

Leave a Comment