«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ կապված նոր քաղաքական ուժի ձևավորման հետ։
«Սամվել Կարապետյանի հնչեցրած հայտարարությունն այն մասին էր, որ ստեղծվելու է նոր ուժ, նոր գաղափարներով, որի նպատակն է հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները՝ մեր ձևով»,- ասել է նա հայտարարության իր նախաբանում։
Շարունակելով՝ նա ներկայացրել է նոր ձևավորվող քաղաքական ուժի դեմ օգտագործվող միջոցները։
«Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվող առաջին ֆեյք միջոցը հակառուսական թեզն է։ Ըստ այդ թեզի, Ռուսաստանն ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի», -հայտարարել է Նարեկ Կարապետյանը:
«Երկրորդ ֆեյքը նախկինների հետ առնչությունն է: Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների հետ, մեծ ներդրողների հետ: Սամվել Կարապետյանը ևս հրավիրվել է նոր ներդրումներ անելու: Այդտեղ ստեղծվել են հարաբերություններ աշխատանքային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ հայրենիքի ղեկավարի և հայրենիքում ներդրում անող գործարարի միջև: Այդ հարաբերությունները հարգալից են, սակայն անցած ճանապարհներն ունեն տարբերություններ»,- ասում է նա։
Նա կարծիք է հայտնել, որ այն քաղաքական ստրատեգիան, որը հաջողվել է 2000-ականներից մինչ այսօր, չի կարող էֆեկտիվ լինել 2030 թ.-ին:
«2030 թ.-ին մեր երկիրը պետք է պատրաստ լինի բոլորովին այլ մարտահրավերների։ Մեր բոլոր իշխանություններն ունեցել են մեկ խնդիր. քաղաքականացրել են պետական կառավարումը»,- նշել է նա:
«Երրորդ ֆեյքի մասին կուզենայի ասել, ավելի շատ ֆեյք չէ՝ մանիպուլյացիա է. Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ պետք է Սփյուռքը Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Նույն էլ, ասում է, որ Հայաստանը Սփյուռքին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Սփյուռքն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ դոլար: Դա մեր ՀՆԱ-ի 20-25 տոկոսի չափ է»,- հավելել է Կարապետյանը:
Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մասին
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ի գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։
Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։
Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։
Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։ Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:
Հունիսի 18-ին դատարանը բավարարել է գործարարին երկու ամսով կալանավորելու ՔԿ միջնորդությունը։
Հունիսի 19-ին Հայաստանում կալանավորվել է ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանը՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։
Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։
Նովոստի–Արմենիա