«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը
– Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում ԼՂ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
– Իշխանությունը շարունակում է իր այն քաղաքականությունը, որը սկսեց վարել հենց արցախահայության բռնի տեղահանումից հետո՝ նրանք փակում են Արցախի հարցը ու այս քայլով ևս կրկին փորձում են ցույց տալ, որ չկա Արցախի հարց, ու չկա դրա հետ կապված ոչինչ:
Չեն հասկանում, սակայն, որ ներկայացուցչության շենքը պարզապես շենք չէ, պարզապես քարեր չեն, այլ դա մի վայր է, որտեղ բռնի տեղահանված արցախցիները կարողանում են պահպանել իրենց ինքնությունը, իրենց հիշողությունը, սա մի տեղ է, որտեղ ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում գտնվող անձինք որպես հույսի վերջին վայր կարող են գալ ու բարձրաձայնել իրենց խնդիրների մասին: Այլ հարց է, թե որքանով է հաջողվում Արցախի ներկայիս իշխանություններին լուծումներ տալ, որովհետև Հայաստանի իշխանությունների ձեռամբ այս մարդիկ ընդհանրապես զրկված են որևէ գործողություն կատարելու հնարավորությունից:
Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այդ հարցին, դարձյալ անհասկանալի ձևով հայտարարելով, թե ինքը թույլ չի տա Հայաստանում երկրորդ կառավարության գոյություն, այն պարագայում, երբ մենք բազմիցս հայտարարել ենք, որ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներն ընդհանրապես չեն հավակնում Հայաստանում մրցակցել Հայաստանի իշխանության հետ:
Արցախի Հանրապետության խորհրդարանի լինելության մասին խոսելն ու այն պահպանելը չեն նշանակում, որ Արցախի խորհրդարանի պատգամավորները հավակնում են փոխարինել Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին, ուղղակի անհեթեթություն է այս ամենը: Փորձում են այս կերպ թաքցնել իրենց իրական մտադրությունները, բայց մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այս քայլը միտված է Արցախը որպես այդպիսին ջնջելու հայ ազգի հիշողությունից:
– Շենքի այլևս չլինելն ի՞նչ հետևանքներ է ունենալու արցախահայության համար:
– Նորից պետք է կրկնեմ, որ խնդիրը շենքի մեջ չէ, ես համոզված եմ, որ Արցախի հարցը որպես այդպիսին ո՛չ շենքով է պայմանավորված, ո՛չ էլ, առավելևս՝ դրա փակմամբ: Քանի դեռ Հայաստանում կան մարդիկ, որոնք ի տարբերություն գործող իշխանության մտածում են, որ Արցախի հարցը հայ ազգի ինքնության հարց է ու այն որևէ ձևով չի կարող փակված լինել այնքան ժամանակ, քանի դեռ արդարացի լուծում չի ստացել ու պատմական արդարությունը չի վերականգնվել, Արցախի հարցը չի փակվի:
– Պարո՛ն Հակոբյան, նման զարգացում կառույցի վերաբերյալ սպասելի՞ էր:
– Իհարկե, նրանք բազմիցս են այդ մասին խոսել, նախագահ Շահրամանյանի օրոք ինչ-որ դիմակահանդես կազմակերպեցին, ու իրավապահները փորձեցին ներխուժել շենք: Տարբեր ձևերով փորձ է արվել, որ վաղ թե ուշ իրենք գալու են այդ շենքի հետևից, այս անգամ ընտրել են այլ ճանապարհ՝ դատական կարգով հասնել խնդրի լուծմանը: Ոչ մեկի համար էլ, կարծում եմ, սա անսպասելի չէր, քանի որ այս իշխանությունը բազմիցս, այսօր ևս Փաշինյանը կրկնեց, որ Արցախի հարցը այս կառավարության ու այս վարչապետի համար փակ է, ու դա իրենց քաղաքականությունն է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am