Մեծ Բրիտանիայի կառավարությունը փորձել է գաղտնի կերպով վերաբնակեցնել սպառնալիքի տակ գտնվող հազարավոր աֆղանցիների

Մեծ Բրիտանիայի կառավարությունը գաղտնի կերպով բազմամիլիարդանոց ծրագիր է սկսել։ Դա արվել է հազարավոր աֆղանցիների վերաբնակեցնելու համար, այն բանից հետո, երբ նրանց անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել, ինչի արդյունքում նրանք հայտնվել են թալիբների կողմից բռնաճնշումների ենթարկվելու վտանգի տակ։ Այս մասին հայտնի է դարձել հուլիսի 15-ին, երբ Լոնդոնի Բարձր դատարանը հանել է տեղեկատվության հրապարակման արգելքը։
2022 թվականի փետրվարին բրիտանացի ռազմական պաշտոնյան էլեկտրոնային նամակում պատահաբար բացահայտել է հազարավոր աֆղանցիների անձնական տվյալները, ովքեր դիմել էին Մեծ Բրիտանիա տեղափոխվելու համար՝ 2021 թվականին Թալիբների կողմից Աֆղանստանում իշխանությունը զավթելուց հետո։ Financial Times-ի տվյալներով՝ խոսքը մոտ 25 հազար մարդու մասին է եղել, իսկ BBC News-ը և The Guardian-ը գրում են, որ նրանց թիվը գրեթե 19 հազար է եղել։ Արտահոսքի մասին հայտնի է դարձել միայն 2023 թվականի օգոստոսին, երբ այն հիշատակվել է Facebook-ի խմբերից մեկում։

Այդ ժամանակ կառավարությունը, որի վարչապետն է եղել Ռիշի Սունակը՝ գործարկել է աֆղանցիներին Մեծ Բրիտանիա տեղափոխելու գաղտնի ծրագիր, որը կրել է «Աֆղանական վերաբնակեցման ուղի» անվանումը։ Կառավարության գնահատականներով, ինչպես գրում է FT-ը, վտանգի տակ է հայտնվել մոտ 100 հազար մարդ՝ ներառյալ աֆղանցիների ընտանիքի անդամները։
Վերաբնակեցման ողջ ծրագիրը, ինչպես գրում է FT-ն՝ գնահատվել է յոթ միլիարդ ֆունտ ստերլինգ (մոտ 8,3 միլիարդ եվրո), թեև պաշտպանության նախարարության ներկայացուցիչը այդ գումարը հնացած է անվանել։ BBC News-ը գրում է, որ փաստացի ծրագիրն արդեն արժեցել է 400 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 470 միլիոն եվրո) և կպահանջի ևս 400–450 միլիոն ֆունտ ստերլինգ։
Կառավարությունը հասել է դատական արգելքի՝ արգելելով արտահոսքի և աֆղանցիների վերաբնակեցման մասին հրապարակումները։ Արգելքը հանվել է մինչև հուլիսի 15-ը և այս գործի մանրամասները հայտնի չեն եղել։
Ըստ The Times թերթի տվյալների՝ Մեծ Բրիտանիա է տեղափոխվել 18 500 մարդ, ներառյալ նրանք, ովքեր եղել են ցուցակներում, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները։ Առաջիկա շաբաթներին Մեծ Բրիտանիա կժամանեն ևս մոտ 5400 աֆղանցիներ, ովքեր արդեն ստացել են հրավերներ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ արտահոսքի մեջ հիշատակված 600 աֆղանցիներ, ինչպես նաև նրանց ընտանիքի 1800 անդամներ, դեռևս Աֆղանստանում են, գրում է BBC News-ը։ Գերատեսչությունը հրաժարվել է հայտնել, թե քանի մարդ կարող է ձերբակալվել կամ սպանվել տվյալների արտահոսքի հետևանքով։

Leave a Comment