Կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը․ արբիտրաժները էական ազդեցություն չեն ունենա քննարկվող հարցի վրա. վարչապետ









«Մեր խնդիրն է, որ պետք է պետությունը վերցնի ՀԷՑ-ի կառավարումը և իրականացնի նախ ուսումնասիրություն՝ ինչ է տեղի ունեցել այնտեղ»,- ասուլիսում անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված քայլերին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պատմությունը նոր չի սկսվել, ՀԷՑ-ի վերաբերյալ մեր դժգոհությունները, ահազանգերը սկսել են մարզային իմ այցելություններից, քաղաքացիների կողմից ստացված բողոքներից, նախորդ տարի նաև տեղի է ունեցել ՀԾԿՀ նախագահի հրաժարականը, ասում եք ՏԿԵ էներգետիկայի գծով փոխնախարարի պաշտոնն է թափուր, այս համատեքստում է այդ պաշտոնը թափուր դարձել: Մեր նպատակադրումը հետևյալն է, որ մենք այս փուլում հետ վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնենք, բայց ամենևին չենք ասել, որ պետականացման կամ ետգնման այդ գործընթացից հետո կամ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը ՀՀ էներգետիկ ցանցերի: Խնդիր ունենք ցանկացած դեպքում գտնել հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին և նաև այդ կառավարման նկատմամբ ձևավորել շատ հստակ և արդյունավետ հանրային և պետական վերահսկողություն»,- նշեց վարչապետը:

Նաև հայտնեց, որ եթե այս գործընթացին հետևեն դատական գործընթացներ, դա բնականոն գործընթաց է.«Ինչ վերաբերում է արբիտրաժներին, դրանք դատական գործեր են ՀՀ կառավարական մարմինների դեմ էլ են ներպետական հայցեր ներկայացվում, կառավարությունն էլ է հայցեր ներկայացնում, դա աշխատանքային պրոցեսի մի մաս է, չեմ կարծում, որ էական ազդեցություն ունի քննարկվող հարցի վրա: Մենք պարտավոր ենք ՀՀ սպառողների շահերը պահպանել և պաշտպանել, իսկ այն որ ՀԷՑ-ը նախորդող շրջանի իր գործունեության ընթացքում ի հեճուկս հանրության և կառավարության բազմաթիվ հորդորներին, խնդրանքներին պատշաճ քայլեր չի ձեռնարկել, այդ դեպքում կառավարությունն է պարտավոր պատշաճ քայլեր ձեռնարկել, այս բոլոր պրոցեսները տեղավորվում են այդ տրամաբանության մեջ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment