«Ռոբերտ Քոչարյանը որտեղ էլ լինի՝ օդում, ջրում, թե ցամաքում, ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին». Ագնեսա Խամոյան

«Կոչ եմ անում մեր քաղաքական ընդդիմախոսներին չանհանգստանալ, թե որտեղ է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը որտեղ էլ լինի՝ օդում, ջրում, թե ցամաքում, ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, կապի մեջ է իր թիմակիցների հետ և վերահսկում է այն քաղաքական պրոցեսները, որոնցով մենք առաջ ենք գնում»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ մինչ գործարար Սամվել Կարապետյանը հայտարարում է քաղաքական նոր ուժ ստեղծելու մասին, ընդդիմադիրների միջև տարաձայնությունները չեն հարթվում. վերջին շրջանում բուռն քննարկումներ էին ընթանում այն մասին, թե ինչպես է ՀՀ 2-րդ նախագահը մեկնել հանգստի այն պայմաններում, երբ իր թիմակիցների տներում խուզարկություններ են իրականացվում։
«Այս ընթացքում մենք հարցադրումներ առաջ չենք քաշել չէ՞, թե որտեղ են իրենց տերերը, ինչու՞ չեն գալիս ՀՀ, ինչպես 2018 թվականին եկավ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նստեց, պայքարեց։ Եվ այսօր էլ, ի տարբերություն շատերի, որոնցից ոմանք գործարքների գնացին Նիկոլ Փաշինյանի հետ, շարունակում է հայտարարել, որ պայքարելու է այս իշխանությունների դեմ։ Միակ մարդը, որը հայտարարել է, որ պատրաստակամ է այս դժվար իրավիճակում ստանձնել երկրի ղեկավարումը, եկեք արձանագրենք, որ Ռոբերտ Քոչարյանն է»,–հավելեց Խամոյանը։
Անդրադառնալով ընդդիմադիրների միջև առկա տարաձայնություններին, ԱԺ «Հայաստան« խմբակցության պատգամավորն ասաց.
«Վերջին շրջանում ինձ համար մի արձանագրում եմ արել, որ հասարակությունը շատ լավ հասկացել է, թե ով, ով է, իրենից ինչ է ներկայացնում։  Մեր ժողովուրդը շատ խելացի ժողովուրդ է և լավ հասկանում է՝ երբ են իրեն փորձում խաբել, ու ժողովրդին մոլորեցնել, էշի տեղ դնել, չի ստացվի։ Ժողովուրդը չի սիրում, երբ իր համար իրականություն են ստեղծում և ստիպում իրեն ապրել դրա մեջ՝ թողնելով ծանր իրականությունը, որի մեջ իրականում ապրում է։ Նույն բանն անում է Նիկոլ Փաշինյանը. ինքը իր ավտոշարասյան, ամառանոցի, կառավարական հարմարավետ աշխատասենյակի շրջանակում իր համար ստեղծել է իրականություն և փորձում է դրա մեջ տեղավորել ժողովրդին։ Բայց ժողովուրդը ունի բազում խնդիրներ՝ անվտանգային, սոցիալական խնդիրներ։ Կոչ եմ անում, որ բոլորը լծվեն իրենց ծրագրերին։ Օրինակ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 24-ին հայտարարում էր, որ փողոցային պայքար են նախաձեռնել, կոչ եմ անում, որ «Հայաստան» դաշինքին և ՀՀ 2-րդ  նախագահին թիրախավորելու փոխարեն իրենց ուժերը կենտորանցնեն իրենց ծրագրերը կյանքի կոչելու վրա»։

Leave a Comment