Free Armenian Prisoners. Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայ գերիները զրկված են իրենց անմեղությունն ապացուցելու հնարավորությունից՝ Բաքվում բեմադրված դատավարությունում

Արմինֆո. Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսի հերթական ՝ 26-րդ նիստը: Այդ մասին հաղորդում է Free Armenian Prisoners նախաձեռնությունը։

 

Free Armenian Prisoners կայքը պարբերաբար հրապարակում է Ռուբեն Վարդանյանի գործով լսումների արդյունքները՝ հիմք ընդունելով տեղի փաստաբան Աբրահամ Բերմանի կողմից ընտանիքին փոխանցված տեղեկատվությունը:

 

Հուլիսի 8-ին կայացած նախորդ  նիստում Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը կրկին միջնորդություն էին ներկայացրել ՝ ծանոթանալու նախորդ դատական որոշումների քաղվածքներին, ինչը չի բավարարվել:

 

Նիստի մյուս հատվածներում ենթադրյալ տուժածները տվել են ռազմական գործողությունների ժամանակ վնասվածքներ ստանալու վկայություններ։ Ինչպես նախորդ լսումների ժամանակ, ցուցմունք տված անձանցից որևէ մեկն անձամբ չի ճանաչել Ռուբեն Վարդանյանին։ Բոլորը նշել են, որ նրա մասին լսել են միայն լրատվամիջոցներից կամ սոցիալական ցանցերից։ Ռուբեն Վարդանյանին նկարագրված իրադարձությունների հետ կապող որևէ ապացույց չի ներկայացվել:

 

Նախորդ շաբաթ փաստաբան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ծավալուն փաստաթուղթ էր հրապարակել, ներկայացնելով բոլոր այն իրավախախտումները, որոնք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվել են թե՛ նախաքննության, թե՛ «դատավարության» ընթացքում:

 

«Արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից։ Նման պայմաններում արդար դատաքննության հասկացությունն ինքնին վերածվում է ձևականության՝ զուրկ որևէ բովանդակությունից», -ընդգծել էր Սահակյանը։

 

Փաստաթղթում արձանագրվում էր, որ այդ խախտումներն անհնար են դարձրել Ռուբեն Վարդանյանի համար արդյունավետ պաշտպանության իրականացումը: «Այս խախտումներն ստեղծել են մի իրավական միջավայր, որտեղ նա փաստացի զրկված է իր դեմ առաջադրված մեղադրանքները վիճարկելու կամ արդարացնող ապացույցներ ներկայացնելու իմաստալից որևէ հնարավորությունից»,-ասվում է  հրապարակված փաստաթղթում:

 

Free Armenian Prisoners նախաձեռնությունը հավելում է, որ թեև մյուս գերիների մասով հնարավոր չէ թեկուզ փոքր տեղեկություն ստանալ, սակայն կասկած չկա, որ նույն իրավիճակն է նաև նրանց պարագայում: Այդ բոլոր խախտումները միասին ստեղծում են մի իրավիճակ, երբ մեղադրյալը, գործնականում, զրկված է իր դեմ մեղադրանքները վիճարկելու և իր անմեղության ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից:

 

Ռուբեն Վարդանյանը և մյուս 22 հայ գերիներնարդեն շուրջ  656 օր ապօրինի կալանվորված են Բաքվում: Միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս պահանջել են անհապաղ կերպով ևանվերապահորեն ազատ արձակել հայ քրիստոնյա քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։

Leave a Comment