Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանական բյուջեն կհասնի 64 միլիարդ եվրոյի, ինչը կրկնակի շատ է 2017 թվականի ռազմական բյուջեից։ Այս մասին Մակրոնը հայտարարել է հուլիսի 13-ին՝ Բաստիլի գրավման օրվա նախօրեին զինվորականներին ուղղված իր ավանդական ելույթի ժամանակ։
Նախագահը նշել է, որ 2026 թվականին Ֆրանսիան հավելյալ 3,5 միլիարդ եվրո, իսկ 2027-ին՝ ևս 3 միլիարդ եվրո կուղղի պաշտպանության ոլորտին, ինչը նշանակում է, որ երկիրը նախօրոք է իրականացնում իր վերազինման ծրագրերը։ Սկզբնապես նախատեսված էր բյուջեն կրկնապատկել մինչև 2030 թվականը։
Մակրոնի խոսքով, «Երկրորդ աշխարհամարտից ի վեր ազատությունը երբեք այսքան վտանգված չի եղել», ընդգծելով Ռուսաստանի սպառնալիքն ու Ուկրաինայի դեմ պատերազմը։ Նա շեշտել է, որ Եվրոպայում խաղաղությունն այսքան կախված չի եղել մեր ներկայիս որոշումներից։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ երկրի անվտանգությունը պահպանելու համար անհրաժեշտ է ավելացնել ներդրումները զինամթերքի, անօդաչու սարքերի, հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի և տիեզերական սպառազինության համակարգերի մեջ։
Մակրոնը վերահաստատել է իր կոչը՝ Եվրոպական երկրները պետք է համատեղ ուժերով ավելի շատ ներդրումներ կատարեն պաշտպանական ոլորտում՝ հենվելով սեփական հնարավորությունների վրա։