MediaHub-ը գրում է․ «Դեռ նախորդ տարի գրել էինք, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն ու Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստվում են կուսակցություն ստեղծել։ Գրել էինք, որ ակտիվ քննարկումների մեջ են: Մեր հրապարակումից հետո կողմերը շտապեցին հերքել, թե նման քննարկումներ կան։ Սակայն պարզվեց՝ չէինք սխալվել:
Այս օրերին ևս նման տեղեկություն ստացանք, որ նոր կուսակցություն է ստեղծվելու, և այս անգամ էլ փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք նոր կուսակցություն է ստեղծվելու նախկին երեք պաշտոնյաների կողմից։
«Այո, քննարկումների փուլում ենք։ Բայց Ձեր տեղեկությունը՝ Հայկ Մարությանի մասով, չի համապատասխանում իրականությանը»,- լրատվականին պարզաբանել է Անանյանը։
Հարցին, թե արդյո՞ք երրորդ ուժ էլ է ներգրավված քննարկումներին, Դավիթ Անանյանը պատասխանել է․ «Այս պահին եկեք սահմանափակվենք այնքանով, որքանով որ Ձեզ ասացի։ Գտնվում ենք քննարկումների փուլում՝ առանց երրորդ ուժերի ներգրավման»։
Թեև Դավիթ Անանյանը, փաստացի, հերքում է Հայկ Մարությանի հետ ևս քննարկումներ ունենալու հանգամանքը, բայց մեր աղբյուրները պնդում են, որ նա նույնպես ներգրավված է այս գործընթացում՝ այս պահին գոնե քննարկումների մակարդակում»։
Նյութի հրապարակումից հետո լրատվականի հետ է կապ հաստատել Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչը և հերքել Արման Թաթոյանի և Դավիթ Անանյանի հետ նոր կուսակցություն ձևավորելու կամ կուսակցությունների դաշինք կազմելու մասին տեղեկությունները։
«Նյութում նշված անձանց և ուժերի հետ ընտրություններից առաջ կոալիցիաներ կազմելու կամ համագործակցության որևէ այլ ձևաչափի մասին տեղեկությունները կեղծ են։ Հայկ Մարութանի գլխավորությամբ ստեղծված «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը ուշադիր հետևում է երկրում ընթացող իրադարձություններին և իր հետագա քայլերի, մասնավորապես, ընտրություններին մասնակցության մասին կհայտնենք ճիշտ ժամանակին», – ասել է կուսակցության ներկայացուցիչը։