
Արցախցի չորս բանագնացները կառավարության շենքում հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արմեն Ադիլխանյանի հետ, ներկա է եղել աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դ. Խաչատրյանը, ինչպես նաև փոխվարչապետի խորհրդական Աննա Գասպարյանը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ հանդիպումը պլանավորածից երկար է տևել։
«Որևէ ձևով համաձայնություն բնակվարձի ծրարից դուրս մնացած մարդկանց համար ծրագիրը շարունակելու վերաբերյալ՝ չկա, այսինքն, կատարվեց այն, ինչ ես մինչև մտնելն ասում էի, հերթական անգամ քննարկում է լինելու՝ քննարկման համար»,-ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Ներսում նրանց ասել են, կառուցողական են տրամադրված առաջարկների ներկայացնելու վերաբերյալ, բայց Ստեփանյանն ասաց՝ հաշվի առնելով նախորդների փորձը, անիմաստ է։
«Կարծեք զուգահեռ իրականությունում ենք ապրում, որ իշխանությունները չեն տեսնում, որ մարդիկ ծանր իրավիճակում են։ 50 հազար մարդու զրկել են բնակվարձի աջակցությունից, բայց ասում են, մենք չենք դադարեցրել ծրագիրը»,-ասաց Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ ի շարունակություն հուլիսի 12-ի հանրահավաքի և դրան հաջորդած նստացույցի՝ այսօր՝ հուլիսի 14-ին արցախցիները հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ներկայացնելու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի պահանջները։