
Ի շարունակություն հուլիսի 12-ի հանրահավաքի և դրան հաջորդած նստացույցի՝ այսօր՝ հուլիսի 14-ին արցախցիները հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ներկայացնելու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի պահանջները։
Կառավարության ներկայացուցիչը հայտարարեց․«Մենք պատրաստ ենք հարցերը քննարկել, բայց ոչ էս ձևաչափով»,- ի պատասխան ակցիայի մասնակիցների խնդրանքի, այն է՝ ներկաների ու ԶԼՄ-ների ներկայությամբ հարցեր ուղղեն կառավարության ներկայացուցիչներին, լսեն նրանց պատասխանները։ Արցախցիները հիշեցրին, որ 2-3 ամիս է՝ մասնագիտական խմբերով քննարկումներ են ունեցել, սակայն արդյունք չի եղել։
Կառավարության ներկայացուցիչն առաջարկեց 4-5 հոգանոց խումբ ձևավորել, ներսում հանդիպում ունենալ։ Նրանց կընդունեն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում, ներկա կլինի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Ի պատասխան ասացին՝ պետք է ներկա արցախցիների հետ քննարկեն, հետո որոշման մասին կհայտնեն։
Մինչ այդ մի կին մոտեցավ դուրս եկած պաշտոնյանին ու փոխանցեց բողոքը.
«Գնում է, ինչքան թուրք կա, հետը հանդիպում է։ Մի արցախցու ինչի՞ չի հանդիպել։ Սոցապ նախարարը ստեր է հորինում, ասում, վարչապետն էլ ասում է՝ շատ լավ։ Ի՞նչը շատ լավ։ Արցախցիներն այստեղ բլոկադայի մեջ են»։