
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ընդունել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի հրավերը՝ աննախադեպ երկրորդ պետական այց կատարելու Միացյալ Թագավարություն:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/24505511 վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի հաղորդագրությունը: Այցը տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը:
ԱՄՆ նախագահին կուղեկցի առաջին տիկին Մելանյա Թրամփը: Նրանց կընդունեն Վինձորի ամրոցում, քանի որ Բուքինգհեմյան պալատում վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
Թրամփն առաջին անգամ պետական այցով Մեծ Բրիտանիայում եղել է իր առաջին նախագահության ընթացքում՝ 2019 թվականին, երբ նրան ընդունել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը:
BBC-ն նշում է, որ որպես կանոն երկրորդ ժամկետում նախագահներին պետական այցով Բրիտանիա չեն հրավիրում. նրանք ներկա են գտնվում միապետի հետ ճաշկերույթի կամ թեյախմության:
Չարլզ 3-րդի հրավերը Դոնալդ Թրամփին փոխանցել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, երբ փետրվարին այցելել էր Սպիտակ տուն: Օրեր առաջ պետական այցով Միացյալ Թագավորությունում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ կնոջ հետ: