«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։

«Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել  է Մակրոնը։

Նրա ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի էջում:

«2026 թվականին պաշտպանությանը կհատկացվի լրացուցիչ 3,5 միլիարդ եվրո, իսկ 2027 թվականին՝ ևս 3 միլիարդ եվրո: Այսպիսով, պաշտպանության բյուջեն կկրկնապատկվի 10 տարվա ընթացքում և կկազմի 64 միլիարդ եվրո»,-ասել է նա:

Հանրապետության ռազմական ծախսերը, ըստ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի, կազմում են 50,5 միլիարդ եվրո։ 2017 թվականին, երբ Մակրոնը ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, պաշտպանական ծախսերը կազմել են 32,3 միլիարդ եվրո։

Ֆրանսիայի առաջնորդը շեշտել է, որ հանրապետության իշխանությունները կկենտրոնանան բանակի ամրապնդման վրա։

«Մենք պետք է վերացնենք մեր խոցելիությունները. նախևառաջ, համալրենք զինամթերքի պաշարները, այդ թվում՝ հեռակառավարվող զինամթերքը, ավելի հզոր դարձնենք մեր բազմակի հրթիռային համակարգերը և բարձր ճշգրտության զենքերը, մեր մարտական խմբերին, ֆրեգատներին և ավիաբազաներին ապահովենք ավելի շատ անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև հաջող գործողությունների համար անհրաժեշտ սարքավորումներով», – ասել է նա։

Մակրոնի խոսքով՝ «իրենք նաև պետք է ամրապնդեն ՀՕՊ համակարգը և էլեկտրոնային պատերազմի հնարավորությունները, ինչպես նաև բարելավենք հնարավորությունները տիեզերքում»։

Leave a Comment