
«Մեր հանրահավաքի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ կողմ չեմք այս իշխանությունների վարած քաղաքականությանը՝ արցախցիների վերաբերյալ, դա վերաբերում է և՛ արտաքին, և՛ ներքին հարցերին»,- այս մասին արցախցիների հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ մարտի 29-ին հրապարակված պահանջագրի կետերից շատ քիչ մասին են լուծումներ տրվել։
«Իշխանությունը շատ լավ գիտի, որ մենք որևէ ապօրինի գործողություն չենք պլանավորում, դա գրավոր և բանավոր ներկայացրել ենք։
Բացի հանրահավաքից՝ երթի իրազեկում և շարունակական նստացույցի իրազեկում է եղել, սակայն միայն հանրահավաքն է արտոնվել: Երթի ու նստացույցի վերաբերյալ, իմ գնահատմամբ, չհիմնավորված հիմքեր են ներկայացրել իրենց մերժման համար: Իրենց խոսքով՝ անհնազանդության գործողությունները խախտում են հասարակական կարգը, այնինչ՝ դրանք մեր քաղաքացիական իրավունքն են, և մենք իրավունք ունենք համապատասխան գործողություններ իրականացնելու»,- նշեց Բեգլարյանը։ Նա հույս հայտնեց, որ հանրահավաքի ընթացքում բանակցությունների արդյունքում կարող են երթի և նստացույցի թույլտվություն ստանալ։