Քահանայից ժողովն իր զորակցությունն է հայտնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել Քահանայից հավաքի արդյունքներով։ Հավաքի մասնակիցները մտահոգություն են հայտնել «հայրենի երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով»։

«Աշխարհաքաղաքական բարդ իրողությունների պայմաններում ամենատարբեր պատճառաբանություններով երկրում իրականացվող քաղաքական հետապնդումները և այդ շրջագծում ՀՀ վարչապետի ու իշխող ուժի ներկայացուցիչների կողմից սանձազերծված արշավը Հայոց Եկեղեցու և եկեղեցականության դեմ խաթարում են ազգային կյանքը, առկա մարտահրավերներին հանդիման ջլատում մեր ժողովրդի միասնականությունը և տկարացնում մեր պետության դիրքերը աշխարհի համայնապատկերում»,-ասված է հայտարարության մեջ։

«Սուրբ Եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դրսևորած անհարիր վարքագիծն ու անպարկեշտ խոսույթը, շարունակական սպառնալիքները և հոգևորականության պառակտման անթաքույց փորձերը վիրավորում են ի սփյուռս աշխարհի մեր հավատացելոց ազնիվ զգացումները, նաև ուղղակիորեն ոտնահարում ՀՀ Սահմանադրության, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի և միջազգային բազում պահանջներ։ Դատապարտելի է ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու հանդես եկած ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին ազատությունից զրկելը։ Անընդունելի է նաև կալանավորված Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա համախոհների պարագայում անմեղության կանխավարկածի սկզբունքի միտումնավոր անտեսումը իշխանությունների կողմից։ Մեծ ընդվզումով և ցավով ականատեսը դարձանք հունիսի 27-ին Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատությունից զրկելու նպատակով Սուրբ Էջմիածին իրավապահ մարմինների մեծաքանակ ուժերի ներխուժմանը։ Հակառակ տրված հավաստիացումներին, որ Սրբազան Հայրն ինքնակամ կներկայանա Քննչական կոմիտե քահանայից հավաքի ավարտին՝ ժամը 16:00-ին, իրավապահները նախընտրեցին ծրագրածն իրագործել անհամաչափ  բռնի  ուժի կիրառմամբ, ինչն արդարորեն առաջ բերեց ամենքիս բողոքը՝ նաև խոչընդոտելով ամենամյա մեր հավաքի անցկացմանը։ Միքայել Սրբազանը Քննչական կոմիտե մեկնեց ինքնակամ»,-ասված է գրառման մեջ։

Ըստ Մայր Աթոռի տարածած հայտարարության՝ Համայն հայության Սրբություն Սրբոցի նկատմամբ ոտնձգությունը, սրբավայրի աղոթական միջավայրի խաթարումը և Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևոր դասի նկատմամբ նման վերաբերմունքը խստորեն դատապարտելի և մերժելի են։

«Թշնամանքի և ատելության խոսքը, խտրականության քարոզչությունը և տարատեսակ բռնության կոչերը վտանգաշատ ու կործանարար են և երբեք չեն կարող բարիք պարգևել ազգային և հայրենական մեր կյանքին։ Հայոց Եկեղեցու նվիրապետության, մեր նվիրական արժեքների ու սրբությունների թիրախավորումը անընդունելի է և անհանդուրժելի՝ հղի ազգի և հայոց ապագայի համար անդառնալի հետևանքներով։ Հարկ չկա հայրենիքը և մեր ժողովրդին կանգնեցնել նոր ցնցումների և արհավիրքների առջև»։

«Անդրդվելիորեն պիտի շարունակենք մեր ժողովրդի մեջ առատացնել հավատը, հույսն ու սերը, ամրապնդել հավատարմությունը մեր Սուրբ Եկեղեցու, ազգային-հոգևոր արժեքների նկատմամբ, որոնց շնորհիվ, ինչպես դարերի հոլովույթում, կարող պիտի լինենք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարություններն ու փորձությունները։

Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում, իբրև բարի և քաջ հովիվ, տերունաշնորհ իմաստությամբ, հանդարտությամբ և մշտարթուն հոգով առաջնորդելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և համայն հավատավոր մեր ժողովրդին դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ»,-ասված է Քահանայից հավաքի մասնակիցների հայտարարության մեջ։

Leave a Comment