
Հայաստանը Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված, «Ազատությանը» հայտնել են արտգործնախարարությունից՝ հավելելով՝ «հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»:
Այսօր ԱՄԷ-ի մայրաքաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը լուսաբանող ադրբեջանական պետական լրատվամիջոցները գրել էին, թե կողմերը «լուրջ և բովանդակալից քննարկումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի հիմնական ասպեկտների, այդ թվում՝ սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ»:
«Ազատությունը» արտաքին գերատեսչությունից հետաքրքվել էր՝ հայկական կողմը հերքո՞ւմ, թե հաստատում է այս տեղեկությունները, եթե հաստատում են՝ կա՞ պայմանավորվածություն՝ ե՞րբ կարող է նախաստորագրվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ի՞նչ է նշանակում նախաստորագրել, իսկ ստորագրումը ե՞րբ տեղի կունենա, մանավանդ, որ նախագծի բոլոր կետերը համաձայնեցված են:
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ի պատասխան հայտնել է. — «Հանդիպման արդյունքներով կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ: Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն այդ մասին կտեղեկացվեր»:
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ԱԳՆ-ից հայտնել են. — «Խնդրում ենք հիմք ընդունել ԱԳՆ խոսնակի այսօրվա պաշտոնական հրապարակումը, որում հերթական անգամ վերահաստատվել է ՀՀ դիրքորոշումը: Դրանից տարբերվող պայմանավորվածություն չկա և չի կարող լինել: Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական մամուլում կիրառվող՝ ոչ վերաբերելի եզրույթների մեջբերումից»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ