Բրազիլիան կարձագանքի օգոստոսից բրազիլական ապրանքների վրա մաքսատուրքերը բարձրացնելու ԱՄՆ որոշմանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։
«Մաքսատուրքերի ցանկացած միակողմանի բարձրացմանը պատասխան կտրվի Բրազիլիայի «Փոխադարձ տնտեսական միջոցառումների մասին» օրենքի համաձայն», – գրել է Լուլա դա Սիլվան X սոցիալական ցանցում:
Նա ասել է, որ Բրազիլիայի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ վերջին 15 տարիների ընթացքում ԱՄՆ-ի համար առևտրային հաշվեկշիռը դրական է եղել և կազմել է 410 միլիարդ դոլար։
Լուլա դա Սիլվան իր վարչակազմի արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերին պատասխան միջոցառումները, հաղորդում է CNN Brasil-ը։
Խոսելով Բրազիլիայի դեմ 50% մաքսատուրքերի սահմանման մասին՝ Թրամփը մեղադրել է Լուլա դա Սիլվային նախկին նախագահ Ժայիր Բոլսոնարոյի դեմ «կախարդների որսի» մեջ, որը Բրազիլիայում մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի մեջ։ ԱՄՆ դեսպանատունը Բոլսոնարոյի դեմ գործը որակել է քաղաքական հետապնդում, իսկ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է պահանջել։
Լուլան, արձագանքելով Թրամփի հայտարարությանը, X-ում գրել է, որ ոչ մի այլ երկիր չի կարող միջամտել «պետական հեղաշրջում պլանավորողների դեմ» դատական գործընթացներին։ Նա ընդգծել է, որ Բրազիլիան «ինքնիշխան պետություն է՝ անկախ ինստիտուտներով»։