Այցի ընթացքում լրագրողները այցելել են երկրի արևային մարտկոցների և մոդուլների արտադրության խոշորագույն վայրերից մեկը՝ Ronma Solar Group-ը, որն այս տարի շահագործման է հանձնել Ջինգդոնգ շրջանի Ցզինհուա քաղաքում գտնվող ժամանակակից արտադրական համալիրը՝ TOPCon մարտկոցների համար 8 ԳՎտ և արևային մոդուլների համար 3 ԳՎտ ընդհանուր նախագծային հզորությամբ։
Արտադրական գծերը հագեցած են առաջադեմ ավտոմատացված համակարգերով. գործարանն օգտագործում է ավելի քան 100 ինտելեկտուալ կառավարվող մեքենա (AGV), որը թույլ է տալիս համալիրի ներսում լիովին ավտոմատացնել լոգիստիկան։ Եթե նախկինում ընկերության բոլոր մասնաճյուղերում աշխատում էր մոտ 5000 աշխատակից, ապա այսօր, արտադրության ավտոմատացման արդյունքում, աշխատում է 262 աշխատակից։
«Ronma Solar»-ը ակտիվորեն խթանում է արևային տեխնոլոգիաների վերջին սերունդը, մասնավորապես՝ բարձր արդյունավետությամբ և երկար ծառայության ժամկետով N-TOPCon մարտկոցները: Արտադրությունը նախատեսված է ինչպես Չինաստանի ներքին շուկայի, այնպես էլ վերականգնվող էներգիայի համաշխարհային նախագծերի համար:
Լրագրողները նաև այցելեցին QCraft ընկերություն, որը Չինաստանում ինքնավար վարորդության առաջատարներից մեկն է: Ընկերությունը հաջողությամբ տեղակայել է իր ռոբոտ-ավտոբուսներն ու ռոբոտաքսիները երկրի 18 քաղաքներում, այդ թվում՝ Պեկինում, Սուչժոուում և Ուհանում: Ընկերությունը մշակել է Chengfeng անունով ինտելեկտուալ վարորդական համակարգերի շարք՝ ավելի քան 500,000 տեղադրումներով:
2019 թվականից ի վեր QCraft-ը ակտիվորեն ներդնում է L4 ինքնավար առաջադեմ տեխնոլոգիաներ՝ համագործակցելով այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Horizon Robotics-ը և NVIDIA-ն: Անցյալ տարի ընկերությունը նաև սկսել է արտադրել իր սեփական 5G ռոբոտ-ավտոբուսները:
Մարիա Ասատրյան, Պարույր Սինյավսկի Ցզինհուայից