Վերջ տվեք Հայաստանի ներքին կյանքում ստեղծված վատառողջ մթնոլորտին, ամոթ է․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն «ամոթալի» և «դատապարտելի» է անվանել ՀՀ Ազգային ժողովում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվողը։

Նա նշել է, որ շուրջ վեց տարի Հայաստան չի այցելել և վերջին օրերին մտածում էր հայրենիք ժամանելու և ստեղծված փոթորիկը հանդարտեցնելու մասին, սակայն Ազգային ժողովում և սոցիալական ցանցերում շարունակվող «անմակարդակ, մեր բարոյական, հոգևոր ու ազգային արժեքներին խորթ արտահայտությունները, ինչպես նաև ձերբակալությունները» իրեն չեն ոգևորում ժամանել հայրենիք։

Նա հանձնառություն է հայտնել «որևէ ժամանակ գալ հայրենիք» և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու այլ պատասխանատուների հետ խորհրդակցել, որպեսզի «հնարավոր լինի ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու հարմարագույն լուծումներ որոնել»։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նաև նշել է, որ եկեղեցու կամ այլ կազմակերպության մեջ կարող են լինել բացթողումներ, բայց դրանք պետք է քննարկվեն հանգիստ մթնոլորտում։

«Ամո՛թ է, հազա՜ր ամոթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյանքում ստեղծված ներկա վատառողջ ու ապազգային մթնոլորտը։ Դժբախտաբար, հայերեն լեզվի բառերը բավարար չեն նկարագրելու իմ ցավը։ Հատկապես վերջերս պարզված մթնոլորտը մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառույցներում՝ Սուրբ Էջմիածնում ու Ազգային Ժողովում, ինձ համար խորապես ամոթալի ու դատապարտելի են»,- ասել է նա։

Leave a Comment