
Ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանն առաջարկել է համաժողով անցկացնել՝ «լրատվամիջոցների զարգացման գործում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դերի մասին»։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Գուսմանն այդ մասին ասել է այսօր Բաքվում՝ ելույթ ունենալով «Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի դերը լրատվամիջոցների զարգացման գործում» համաժողովում։
«Նոյեմբերին կլրանա Ադրբեջանի մեծ հաղթանակի հինգ տարին։ Այդ մասին կխոսեն, կգրեն։ Իմաստ ունի նոյեմբերին անցկացնել համաժողով՝ նվիրված նախագահ Իլհամ Ալիևի դերակատարությանը լրատվամիջոցների զարգացման գործում։ Դա շատ անհրաժեշտ համաժողով կլինի», – ասել է նա։
Միխայիլ Գուսմանը ընդգծել է, որ «44-օրյա պատերազմի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևի տված հարցազրույցները ֆանտաստիկ պրոֆեսիոնալ լրագրողական դիվանագիտության ամենավառ օրինակն են»։
«Գիտեմ, որ գիրք կա այդ հարցազրույցներով, բայց ինձ թվում է, որ դրանք արժանի են առանձին վերլուծության։ Երջանիկ կլինեմ, եթե նման համաժողով տեղի ունենա։ Նախապես խնդրում եմ ինձ ընդգրկել մասնակիցների թվում», – ասել է նա։