Ես շատ հազվադեպ եմ այսքան զայրացած լինում․ Կոմպանին՝ Մուսիալայի վնասվածքի մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոստովանել է, որ ուժեղ զայրույթ է զգացել թիմի ֆուտբոլիստ Ջամալ Մուսիալայի ստացած վնասվածքի պատճառով։

Շաբաթ օրը ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթել է «Բավարիային» Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում։ Առաջին խաղակեսի վերջում 22-ամյա Մուսիալան տուգանային հրապարակում գնդակի համար պայքարելիս բախվել է 26-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ։ Բախումից հետո Մուսիալայի ձախ ոտքը հայտնվել է ոչ բնական դիրքում, և նա դաշտը լքել է պատգարակով։

Bild-ի աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կոտրել է ձախ ոտքի սրունքոսկրը։

– Դա շատ ծանր պահ էր։ Ես հազվադեպ եմ այսքան զայրացած լինում ընդմիջման ժամանակ։ Գիտեմ, որ կյանքում ավելի կարևոր բաներ կան, բայց այս տղաների համար ֆուտբոլը կյանք է։ Ջամալի նման խաղացողն ապրում է ֆուտբոլով։ Նա վերջերս էր վերականգնվել վնասվածքից, և հիմա այսպես եղավ։ Նման պահերին քեզ անզոր ես զգում, – Կոմպանիի խոսքերը մեջբերել է Kicker-ը։

Leave a Comment