Քանի որ Ալիևի ձեռքերը չեն հասել Սամվել Կարապետյանին, իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում. Աննա Գրիգորյան

Փոքրիկ խմբակի ղեկավարը սեփական աթոռը կորցնելու վախից փորձում է չեզոքացնել Սամվել Կարապետյան անձի գործոնն ու ազդեցությունը մեր հասարակական, քաղաքական կյանքում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4–ին, «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» կազմակերպված հավաքի ժամանակ իր խոսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Երկրորդ պատճառն այն է, որ Ալիևը դեռեւս 2021–ից հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ։ բայց քանի որ Ալիևի ձեռքերը չեն հասել Սամվել Կարապետյանին, իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում։ Սա է իրականությունը։ Բայց մենք բոլորս կանգնելու ենք արդարության համար, կանգնելու ենք Սամվել Կարապետյանի ու Հայ առաքելական եկեղեցու թիկունքում։ Դա չենք անելու չարությամբ, անելու ենք սիրով, համոզմունքով, վճռականությամբ։ Որքան նրանք պառակտեն, մենք խոսելու ենք միավորումից, որքան նրանք վախ սերմանեն, մենք այնքան կուռ ենք դառնալու։ Որքան փորձեն մոռացության տալ Արցախը, մենք այնքան վճռականությամբ ենք խոսելու մեր հայրենակիցների իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։
Միգուցե այստեղ կանգնածների նկատմամբ վաղը լինեն հետապնդումներ, բայց սեղանին դրված է մեր պետականության հարցը, մեր եկեղեցու, հավատքի հարցը, եւ մենք պայքարելու ենք»,–ասաց նա։
Նշենք, որ Երեւանում՝ Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց (Մալիբու) երթ է մեկնարկել՝ ի պաշտպանություն գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի։ Երթի մասնակիցները հագել են սպիտակ շապիկներ, որոնց վրա գրված է, «Ազատություն Սամվել Կարապետյանին»։
Երթը կհասնի մինչեւ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարան։
Երթից առաջ, կազմակերպիչներից Ալիկ Ալեքսանյանը նշեց, որ հավանականություն կա, որ ներարկված սադրիչներ կլինեն, որոնք հնարավոր է լինեն ագրեսիվ կամ ոչ սթափ. պետք չի ուշադրություն դարձնել նրանց. «Մեր մեջ կան կարգադրիչներ, որոնց թեւին ամրացված է սպիտակ թեւկապ. եթե կլինեն սադրիչներ, անմիջապես հայտնեք կարգադրիչներին կամ ոստիկաններին»։ Նա նաեւ կոչն արեց հակադրության մեջ չմտնել ոստիկանների հետ, քանի որ նրանք իրենց ծառայությունն են կատարում։

Leave a Comment