Փեզեշքիանի այցելելը Ադրբեջան, որը կասկածվում է Իսրայելի հետ Իրանի դեմ դավադրության մեջ, որեւէ արդարացում չունի. Իրանցի վերլուծաբան. «Ազգ»

Իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը «Iranian Diplomacy» կայքում հրապարակված «ՎՏԱՆԳՆԵՐՈՎ ԼԻ ՂԱՐԱԲԱՂ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ ՄՏԵՐՄԻԿ ԶՐՈՒՅՑ ԻԻՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ» վերնագրով հոդվածում անդրադարձել է Իրանին լրտեսելու նպատակով, սակայն առեւտրային եւ տնտեսական գործունեության քողի տակ, Ադրբեջանի կողմից օկուպացված Ղարաբաղում Իսրայելի ակտիվ ներկայությանը: Հոդվածագիրը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք Իրանի նախագահին չի անհանգստացնում հնարավոր վտանգներն ու չի մտահոգում այն փաստը, որ երկու տարի առաջ Ստեփանակերտը հայերի հարկադիր տեղահանությունից հետո ամբողջովին հայաթափվել է:

Մովահեդիանի կարծիքով, այցելելը Ադրբեջան, որը կասկածվում է Իսրայելի հետ Իրանի դեմ դավադրության մեջ, որեւէ արդարացում չունի: Նա հավելում է, որ Իրանի հասարակության մոտ բազմաթիվ կասկածներ կան Բաքվի իշխանությունների հակաիրանական գործունեության վերաբերյալ:

Այդպիսի այցելության աննպատակահարմարության հանգամանքները ընդգծելու համար հեղինակը հիշեցնում է, որ Բաքուն Իրանի մտահոգությունները փարատելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել:

Իրանի բարեփոխականների քաղաքական հոսանքին պատկանող «Շարղ» օրաթերթի հոդվածագիր տիկին Վահիդե Քարիմին՝ նախագահ Փեզեշքիանի Բաքու այցելության կապակցությամբ իր մտահոգությունն արտահայտելու համար ընտրել է «ԱՐԴՅՈ՞Ք ԹԵՀՐԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿՀԱՍՆԻ ԲԱՔՎԻՆ» վերնագիրը:

Հոդվածագրի կարծիքով, հաշվի առնելով կազմակերպության վերջին տարիներին ազդեցության կորստի եւ հեղինակազրկման փաստը, ՏՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցության համար Թեհրանը կարող էր ներկայանալ ԱԳ նախարարի մակարդակով: Տիկին Վահիդեն, հաշվի առնելով միջոցառման անցկացման վայրը եւ արարողակարգային առանձնահատկությունները, չի թաքցնում իր մտահոգությունը՝ կապված Փեզեշքիանի Բաքու կատարելիք այցի հետ, նշելով, որ Իրանի նախագահը, ամենայն հավանականությամբ, չի կարողանալու ՏՀԿ-ի ամբիոնն օգտագործել՝ պատերազմի օրերին Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը քննադատելու նպատակով:

Իրանական «QudsOnline» կայքն էլ իր հերթին չի ողջունում նախագահ Փեզեշքիանի այցը Ղարաբաղ՝ պատերազմի ընթացքում Բաքվի իսրայելանպաստ քաղաքականության պատճառով: «QudsOnline»-ը իր հոդվածն ԻԻՀ նախագահի այցի մասին եզրափակում է հետեւյալ տողերով. «Մտահոգիչ է այն փաստը, որ վերջին տարիներին Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի սահմանների մոտ վերածվել է սիոնիստական ռեժիմի անվտանգության եւ օպերատիվ գործողությունների հենակետի»:

Անշուշտ, վեհաժողովի աշխատանքներն ամփոփող փաստաթղթի հրապարակումը հնարավորություն կտա պարզել Փեզեշքիանի այցի նպատակահարմարության աստիճանը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment