ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագծով, որը խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ներկայացմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 3-ին գումարած արտահերթ նիստում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, մասնավորապես, նշել է.
«ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ վերահաստատելով իր հավատարմությունն իրավունքի գերակայության եւ սահմանադրական կարգի սկզբունքներին, հիմնվելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրության անխախտ դրույթին, համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ձեւավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ, մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը եւ բռնության ցանկացած ձեւ քաղաքական պայքարում եւ հանրային կյանքի կազմակերպման մեջ, հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, հայտարարում է, որ խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի եւ օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսին»:
Հայկ Կոնջորյանն ընդգծել է, որ ահաբեկչության եւ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով հայտարարության նախագիծն ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր համատեքստում արված հայտարարություն է: Հանձնաժողովի նախագահը կոչ է արել նախագծին տալ դրական եզրակացություն:
Հայտարարության նախագիծը քվեարկության արդյունքում ստացել է դրական եզրակացություն: