Կրոկուսում ահաբեկչական հարձակում իրականացնելու համար զինյալները մարզվել են Թուրքիայում և Աֆղանստանում․ ՏԱՍՍ

«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչական հարձակում իրականացնելու համար զինյալների պատրաստումը իրականացվել է 2023 թվականի հունիսից՝ Թուրքիայի Հանրապետության և Աֆղանստանի տարածքում։ Այս մասին ասվում է ՏԱՍՍ-ի կողմից ուսումնասիրված փաստաթղթերում։

«2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 22-ը Շամսիդին Ֆարիդունին, Դալերջոն Միրզոևը, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Սաիդոքրամի Մուրոդալի Ռաչաբալիզոդան մարզվել են Թուրքիայի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործունեության համար», – ասվում է փաստաթղթերում։

Այնտեղ զինյալները, ըստ նյութերի, ձեռք են բերել հրազենի հետ վարվելու հմտություններ։ Բացի այդ, նրանց ուսուցումը ներառել է գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձեռքբերում, հոգեբանական պատրաստվածություն, ահաբեկչական գործողություն կատարելու մեթոդների, տարբեր զենքերի, պայթուցիկ սարքերի, թունավոր նյութերի, ինչպես նաև «ուրիշների համար վտանգ ներկայացնող և հետագայում ահաբեկչական գործողություն կատարելու ընթացքում օգտագործվող» այլ նյութերի և առարկաների ուսումնասիրություն։

Նյութերի համաձայն՝ ահաբեկչական գործողության կազմակերպիչը և պատվիրատուները մշակել են հանցագործություն կատարելու ծրագիր, որը ներառել է հանցավոր մտադրության իրականացման տարբեր փուլեր՝ հանցագործության անմիջական կատարողների նախապատրաստում և վարժեցում, ահաբեկչական գործողության կատարման օբյեկտի որոնում, վերջինիս զննում, զենքի և հանցագործություն կատարելու միջոցների մատակարարում, ահաբեկչական գործունեության հանցակիցների որոնում, որոնք կարող էին հանցագործություն կատարողներին ապահովել բնակարանով, տրանսպորտային միջոցներով, զենքով և հանցագործությունը կատարելու համար անհրաժեշտ այլ միջոցներով: Ավագ նշանակվել է Մուհամմադսոբիր Ֆաիզովը, որը նաև կապող օղակ է հանդիսացել ահաբեկչական գործողությունների կազմակերպիչների և կատարողների միջև:

Ահաբեկիչ Սաիդոկրամ Ռաչաբալիզոդան՝ իր ղեկավարների հանձնարարությամբ, ահաբեկչական գործունեության վերաբերյալ վերապատրաստում է անցել Աֆղանստանի տարածքում, որտեղ նա Թուրքիայից մեկնել է կեղծ փաստաթղթերով՝ Պակիստանի միջոցով։

Իր հերթին, փաստաբան Իգոր Տրունովը, որի թիմը ներկայացնում է գործով 95 զոհերի շահերը, ՏԱՍՍ-ին հաստատել է գործակալության կողմից ուսումնասիրված փաստաթղթերի իսկությունը։

Leave a Comment