Խաղաղ ցույցի մասնակցին ո՞վ իրավունք ունի աշխատանքից ազատել. որևէ մեկն իրավունք չունի. Պիպոյան:

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ ստեղծված իրադարձություններին, նշելով, որ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Փաշինյանի այս գրառումն ունի՞ խնդրահարույց կետեր, եթե այո՝ որո՞նք են դրանք:

– Այդ հայտարարություն-գրառումն ինքնին խնդրահարույց է, բայց առավել խնդրահարույց է այն, որ մենք չունենք համապատասխան ինստիտուտներ, ու ասեմ, թե ինչ նկատի ունեմ: Շատ սխալ է, որ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվողները զբաղվում են աշխատողների իրավունքների պաշտպանությամբ: 

Ես երբեք չեմ ուզում մտնել այն հարթություն, որն իմը չէ, բայց յուրաքանչյուր աշխատող ունի նաև աշխատանքային իրավունքներ, և գոյություն ունեն արհմիություններ, գոյություն ունի արհմիությունների կոնֆեդերացիա, որը պետք է հստակ գնահատական տա, օրինակ՝ ոչ աշխատանքային ժամերին խաղաղ ցույցի մասնակցին ո՞վ իրավունք ունի աշխատանքից ազատել. ես նախապես գնահատական տամ, որ որևէ մեկն իրավունք չունի: 

Ընդհանրապես այս պահին ստեղծվում է բարձր էմոցիոնալ ֆոն էներգետիկ համակարգում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, բայց պետք է նկատել, որ արմատները շատ խորն են: Սկզբից քայքայեցին նախարարությունը, դե, ասացին, թե դա միավորում է, հետո անաղմուկ աշխատանքից հեռացրին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին ու հենց համակարգող փոխնախարարին, բնականաբար, սա քաղաքական որոշում էր: 

Բայց մենք տեսանք, որ ոլորտային փոփոխություն որպես այդպիսին չեղավ, ոլորտն էլի մնաց բարդ վիճակում: Մեր հայրենակիցների գերակշռող մեծամասնության համար, երբ ասում ենք էներգետիկ համակարգ, էլեկտրաէներգիա, միայն ՀԷՑ-ն են պատկերացնում: Մարդիկ չգիտեն, ու նորմալ է, որ չգիտեն, որ բացի ՀԷՑ-ից կա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», մարդիկ չգիտեն, որ կան բազմաթիվ արտադրողներ, մարդիկ չգիտեն, որ այն մեթոդաբանությունը, որով ՀԷՑ-ը էլեկտրաէներգիան ձեռք է բերում, հետո վաճառում սպառողներին, ՀԷՑ-ը չի որոշում: 

Այնպես չէ, որ ՀԷՑ-ն իմ աչքի լույսն է ու խնդիրներ չի ունեցել, ՀԷՑ-ի խնդիրների վերաբերյալ էլ մենք բազմիցս գնահատականներ ենք հնչեցրել, օրերս ձեզ տված հարցազրույցն եմ հիշել, երբ քննարկում էինք, որ մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լեգիտիմացնում է ՀԷՑ-ի անջատումներն իր որոշումներով: 

Մենք չպետք է մոռանանք, որ շուկան այսօր ազատականացված է, ու միայն ՀԷՑ-ը չէ խաղացողը, ուրիշ բան, որ ինքն առաջնային դիրքերում է, բայց խնդիրը չպետք է դիտարկել միայն ՀԷՑ-ի տիրույթում, այլ՝ ամբողջ էներգետիկ համակարգի տիրույթում, որովհետև այն, ինչ տեղի է ունենում հիմա, ոչ թե պարզապես ՀԷՑ-Սամվել Կարապետյան-Նիկոլ Փաշինյան այս շղթան է, այլ՝ ընդհանուր էներգետիկ համակարգում տեղի ունեցող է: 

– Դե իշխանությունն էլ ասում է՝ պետականացնում ենք, որ այդ բոլոր խնդիրները լուծվեն:

– Նախ՝ այդ խնդիրները չեն վերանալու, եթե անգամ վերանան էլ, պետք է հասկանանք՝ ինչի՛ հաշվին: Այսինքն՝ էլի քաղաքացու հաշվին, որովհետև շատ դեպքերում պետական բյուջեից ինչ-որ գումար են վճարում, որը քաղաքացու հաշվից է, այսինքն՝ թոշակ չի բարձրանում, որովհետև այդ գումարը գնում է ՀԷՑ-ին փոխհատուցում, պայմանական եմ ասում: Որպեսզի կարողանան աշխատել, պետք է բյուջեից լրացուցիչ միջոցներ ներդնեն, այդ լրացուցիչ միջոցների համար քաղաքացին կա՛մ պետք է վճարի թանկացման տեսքով, կա՛մ իր հարկերից, որը պետք է դառնար թոշակ, մանկապարտեզ կամ դպրոց: 

Դուք տեսե՞լ եք, թե գործող իշխանության ժամանակ ինչպե՛ս են աշխատում ինստիտուտները, սա կարևոր բան է՝ աշխատում են ավելի լա՞վ, թե՞ ավելի վատ: Տեսեք տրանսպորտային համակարգի փոփոխությունից հետո այդ համակարգի աշխատանքը ու պատկերացրեք, թե ի՛նչ է նշանակում մտնել ՀԷՑ: Բոլորը պետք է հասկանան, որ երբ մենք խոսում ենք էներգետիկ սուվերենությունից, այդ սուվերենության մեջ ՀԷՑ-ն այնքան քիչ գործ ունի: 

Էլի եմ կրկնում, ՀԷՑ-ն ունեցել է բազմաթիվ խնդիրներ ու ունի, բայց մենք ունեինք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, նախարարություն, որը, ըստ էության, ուներ գործառույթ այդ համակարգում, որը տարիներ շարունակ կարող էր դա նկատել ու առաջարկություններ անել: 

Փորձը ցույց է տվել, որ պետությունը լավ կառավարիչ չէ, լավ բիզնեսմեն չէ, իսկ մեր պարագայում, ու ոչ միայն այս իշխանության դեպքում, այլ ընդհանրապես, լավ կառավարիչ չէ: Մասնավորն ավելի հեշտ է, մասնավորն առնում է այն, ինչ ուզում է, պետությունն այդ ամենը պետք է անի գնումներով, լրացուցիչ ընթացակարգերով, գործն արդեն բարդացավ: Այն, որ ՀԷՑ-ն ավելի վատ է կառավարվելու, չկա երկրորդ կարծիք, եթե նույն ձևով կառավարվի էլ, ապա դա լինելու է հարկատուների հաշվին:

– Պարո՛ն Պիպոյան, ասացիք՝ չունենք համակարգեր, ո՞րն է դրա պատճառը:

– Իհարկե չկա, բայց այդ հարցին շատ ճիշտ կլինի պատասխանեն այն չինովնիկները, որոնք մի օրվա մեջ դուրս եկան աշխատանքից, այն էլ՝ անաղմուկ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment