Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են ԱԳՆ։ Հանդիպման ընթացքում փոխնախարար Արազ Ազիմովը բողոք է հայտնել Մոսկվայի «ոչ բարեկամական գործողությունների ու քայլերի համար, որոնք վնասում են երկու երկրների միջեւ հարաբերությունները»։
Հանդիպման ընթացքում փոխնախարարն անհիմն է համարել «Սպուտնիկ- Ազերբայդժան»-ի հետ կապված իրավական միջոցառումների մասին ռուսական կողմի պնդումները։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ հիշվում է նաեւ ռուսական երկնքում խփված ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված Մոսկվայի ոչ պատշաճ արձագանքի մասին։
Իր հերթին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք Ադրբեջանում են, կամ նախատեսում են այցելել այնտեղ, հորդորել է հաշվի առնել ներկա իրավիճակը։
«Նրանք, ովքեր մեզ հարցնում են, թե արդյո՞ք կարող են նախատեսել իրենց այցերը, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն իրավիճակներում, ինչը ցուցադրվում է, այդ թվում՝ ադրբեջանական հեռուստաալիքներով եւ ինչ հաղորդում են այդ երկրի լրատվական գործակալությունները, իհարկե, եթե մեր քաղաքացիները գտնվում են Ադրբեջանում, եթե նրանք նախատեսում են ուղեւորություն, ապա, իհարկե, պետք է ուշադիր քննարկեն ստեղծված իրավիճակը», — ասել է նա։