Դրա իրավունքը ոչ մեկը չունի՝ այլ անձի բանկային քարտ ստուգելու, եւ հետո՝ ինչպես է դա իրականացվելու. Գևորգ Ստեփանյան. «Իրավունք»

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավարտվում է անվճար երթեւեկելու ժամանակը, եւ նրանք, ովքեր կհանդգնեն չվճարել տրանսպորտի համար՝ կենթարկվեն տույժի:

Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս կմեկնաբանեք Տիգրան Ավինյանի հայտարարությունն առ այն, որ այսուհետ տրանսպորտից օգտվող եւ բոյկոտող քաղաքացիները կտուգանվեն:

— Նախ հիշեցնեմ, որ Երեւանի ոչ լեգիտիմ քաղաքապետը որոշ ժամանակ առաջ հայտարարում էր, որ քաղաքացիները դրական են վերաբերվել իրենց բարեփոխումներին, բոլորը վճարում են, քարտեր են գնում, եւ խնդիր չկա: Փաստեց եւ լսեց մեզ, որ քաղաքացիները բոյկոտում են չբարեփոխված տրանսպորտի, կանգառներ գոյություն չունենալու, ժամերով տրանսպորտին սպասելու, իրար վրա նստելու վիճակից: Եվ, բնականաբար, ինչպես քաղաքացիներն են ասում. «Մենք չենք ուզում  մեզ թալանված զգալ: Ինչի՞ համար թանկ վճարենք, երբ չենք ստանում պատշաճ ծառայություններ»: Հիմա տեսան, որ ոչ մի այլ բան չեն կարողանում անել, քանի որ փորձեցին էլ ոստիկանության, էլ քաղաքապետարանի աշխատակիցների, էլ վարորդների միջոցով շտկել իրավիճակը, սակայն օգուտ չստացան, որոշել են տանել այս ուղղությամբ՝ տուգանելու: Ուզում են քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնեն: Դա էլ չի աշխատելու:

Օրը 800 շարժակազմ է դուրս գալու, ինչպե՞ս եք պատկերացնում այդքան մարդ պետք է ընդունեն, որ ստուգեն: Ինչպե՞ս պետք է այդ հսկիչը՝ 70-80 մարդու, որ կան ավտոբուսի մեջ,  բանկային քարտերը ստուգի: Նախ ասեմ, որ դրա իրավունքը ոչ մեկը չունի՝ այլ անձի բանկային քարտ ստուգելու, եւ հետո՝ ինչպես է դա իրականացվելու:

— Գործնականորեն ինչպե՞ս են կազմակերպելու տուգանելու պրոցեսը: Քաղաքացիներին տանելու են բաժի՞ն:

—  Նույնիսկ չգիտեմ` ինչպես: Ավտոբուսը կանգնեցնելու են, ասեն՝մի րոպե ստուգեմ, տեսնեմ այս մարդը մուծել է, թե՝ ոչ: Դուք պատկերացնո՞ւմ եք դա գործնականորեն: Կամ էլ ոստիկաններին հանձնարարելու են համազգեստով մտնել ավտոբուս, որ մարդիկ վախենան մուծեն:

—Առանց այն էլ, երկիրը ոստիկանապետություն են դարձրել…

— Այո, իհարկե, իսկ Դուք այլ բա՞ն եք տեսնում: Մարդու նկարից են վախենում՝ քաշում պոկում: Ամենուր միայն ոստիկաններ են:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment