Ալիևը Մոսկվայում դեսպանին հետ կկանչի՞





Հուլիսի 29-ին Եկատերինբուրգի Լենինյան շրջանի դատարանում սկսվել է երկու օր առաջ բերման ենթարկված՝ էթնիկ հանցախմբի անդամ մի խումբ ադրբեջանցիների նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու հարցով դատաքննությունը: Մեղադրող կողմի պահանջով այն անցնում է դռնփակ: Հիշեցնենք, որ շուրջ տասը ձերբակալված ադրբեջանցիներ, որ, ի դեպ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, մեղադրվում են 2001, 2010 եւ 2011 թվականներին Եկատերինբուրգ քաղաքում «վարձահրավիրվածությամբ սպանություններ կատարելու և համափորձեր կազմակերպելու» մեջ:

Մեղադրյալներից մեկը՝ Օրհան Սաֆարովը, փաստաբանի միջոցով հայտարարություն է տարածել, որ «խոստովանական ցուցմունքները տվել է իրավապահների ֆիզիկական ճնշման տակ, բայց այդ նրանք սպառնացել են հաշվեհարդար տեսնել ազատության մեջ գտնվող ընտանիքի անդամների և հարազատների դեմ»: Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, ի պատասխան ադրբեջանական կողմի նոտայի, կրկնել է Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը: Փաստացի դա նշանակում է, որ պաշտոնական Մոսկվան Բաքվին այլ ասելիք չունի, խորհուրդ է տալիս հետևել իրավական գործընթացներին: Ժամեր անց Բաքուն հայտարարել է, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը չեղյալ է հայտարարում և առհասարակ «ստեղծված իրավիճակում Ռուսաստանի բարձրաստիճան որևէ այց նպատակահարմար չի տեսնում»:

Հունիսի 29-ին Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի պետական և մասնավոր հաստատությունների կողմից Ադրբեջանում ծրագրված բոլոր մշակութային միջոցառումները՝ համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ և այլն չեղյալ են հայտարարվում: Հիմնավորված է, որ դրանք չեն կարող անցկացվել, երբ Ռուսաստանում «նպատակադրված սպանում են ադրբեջանցիների, երևույթ, որ վերջին շրջանում ստացել է համակարգված բնույթ»: Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին ակնհայտ ծաղրանքով գրել է. «Եկեք Ադրբեջանում ավելացնենք ռուսական դպրոցների թիվը»:

Ռուսաստանի հետ մշակութային կապերի առնվազն առկախումը կտարածվի նաև կրթության բնագավառի վրա՞: Ալիևը համարձակություն կունենա, օրինակ, փակել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Բաքվի մասնաճյուղը, որի ռեկտորը նրա քենին է՝ Նարգիզ Փաշաևան: Այս հարցերին միանշանակ պատասխան չկա: Բայց իրավիճակն այնպիսին է, որ Ալիեւը կարող է «խորհրդատվություններ անցկացնելու համար» Մոսկվայից իր դեսպանին հետ կանչել: Մանավանդ որ, ինչպես հայտնի դարձավ, Ռուսաստանն այսօր Բաքվում գործերի ժամանակավոր հավատարմատար ունի միայն:

Leave a Comment