Բելգրադում ցուցարարները փակել են փողոցները և բարիկադներ կառուցել

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ցուցարարները լույս հունիսի 30-ի գիշերը փակել են մի քանի կարևոր փողոցներ և բարիկադներ կառուցել: Սերբական  Blic-ը հրապարակել  է կադրեր մայրաքաղաքի փողոցներից և խաչմերուկներից, որտեղ երևում են հարյուրավոր մարդիկ, վրանային ճամբարներ և աղբամաններից պատրաստված բարիկադներ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Սավա գետի վրայով անցնող Գազելա կամուրջը նույնպես փակվել է: Նմանատիպ գործողություններ են տեղի ունենում նաև Սերբիայի այլ քաղաքներում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Blic-ը նշում է, որ սպասվում է, որ ոստիկանությունն ու քաղաքային ծառայությունները կփորձեն վերականգնել երթևեկությունը և վերացնել խցանումները հունիսի 30-ի առավոտյան։

Սերբիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ իշխանությունները հետևում են ճանապարհների փակմանը և կոչ է արել հանգստություն պահպանել։

AP-ն  գործակալությունն էլ ակցիայի մասնակիցների թիվը գնահատում է մի քանի հազար։

Ակցիան իրականացնում է «Բլոկադա» ուսանողական խումբը։ Հարյուր հազարավոր մարդիկ բաժանորդագրվել են դրան սոցիալական ցանցերում։ Այն հրապարակել է Բելգրադի քարտեզ՝ նշելով այն կետերը, որտեղ կոչ է արել մարդկանց գալ և փակել փողոցները։

Խումբը բողոքում է հունիսի 28-ի երեկոյան ոստիկանության հետ բախումների ժամանակ ուսանողների ձերբակալության դեմ։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 77 մարդ, 38-ը՝ կալանավորվել։ Տուժել է 70 անձ, այդ թվում՝ 48 ոստիկան։ Այս մասին հայտնում է Սերբիայի ՆԳՆ-ն։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը անկարգությունների արմատական ​​մասնակիցներին անվանել է «ահաբեկիչներ» և քննադատել Բելգրադի համալսարանի ռեկտոր Վլադան Ջոկիչին, որը մասնակցում է հանրահավաքներին։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադի նոր վերանորոգված կենտրոնական կայարանում փլուզվել էր բետոնե ծածկը։ Ողբերգության հետևանքով զոհվել էր 6-ից 74 տարեկան 16 մարդ։

Հետո Բելգրադում սկսվեցին բողոքի ցույցեր, որոնք ժամանակի ընթացքում տարածվեցին Սերբիայի այլ քաղաքներում։ Ցուցարարները պահանջում էին Նովի Սադի քաղաքապետի և երկրի վարչապետ Միլոշ Վուչևիչի հրաժարականը։ Հունվարի 28-ին Վուչևիչը հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նովի Սադի քաղաքապետը նույնպես հրաժարական էր տվել։ Այնուհետև ցուցարարները առաջ էին քաշել նոր պահանջներ՝ կառավարության հրաժարականը և  ընտրություններ։ Նախագահ Վուչիչը հրաժարվել էր դրանք կատարել և ասել, որ իրեն չեն հուզում բողոքի ցույցերը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment