Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Թեհրանը կարող էր պահպանել հարստացված ուրանի մի մասը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։
«Մենք չգիտենք, թե որտեղ կարող է լինել այս նյութը», -ասել է նա՝ նկատի ունենալով 400 կիլոգրամ 60%-ով հարստացված ուրանը, որը, ենթադրաբար, ունի Թեհրանը։ «Դրա մի մասը կարող էր ոչնչացվել հարվածների ժամանակ, բայց մի մասը կարող էր տեղափոխվել։ Որոշակի պահի մենք պետք է պարզաբանենք դա», -հավելել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը։
Ինչպես հունիսի 26-ին Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, Վաշինգտոնը հետախուզական տեղեկություններ չունի այն մասին, որ Իրանի իշխանությունները նախապես հանել են հարստացված ուրանը իրենց միջուկային օբյեկտներից (Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում), որոնք հունիսի 22-ին ենթարկվել են ամերիկյան ռմբակոծության։